Հայաստանն այլեւս երբեք չպետք է զոհի դեր խաղա

PanARMENIAN.Net - Ռազմավարական վերադասավորումների վերջին մրցավազքն արտացոլում է աշխարհակարգի իրական ճգնաժամը եւ իր մեջ պատմության կրկնության լուրջ վտանգ է պարունակում: Այս առումով բավական է հիշատակել այն վարքը, որը դրսեւորվել է գլոբալ եւ տարածաշրջանային գրեթե բոլոր դերակատարների կողմից, ովքեր հապճեպորեն փոխել են իրենց «արագությունը» եւ նախաձեռնել շահերի վերարժեւորման, ինչպես նաեւ այդ նպատակով ուղեգծային տարբերակների ու քաղաքական գործընկերության բազմազանեցման մի նոր դարագլուխ: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net հասած ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունում: Նրա կարծիքով, գրեթե անկարեւոր է այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական այս խառնաշփոթն անմիջականորեն ծնունդ է առել ռուս-վրացական «մեծ հրդեհից» եւ դրանից ածանցվող` Կովկասի ներկայիս բանաձեւերի փլուզումից կամ էլ նրանից, որ ներկա իրարանցումը եզրագծում է միջազգային գերատեսչություններում թաքուն եռացող դիպաշարերը: Փաստն այն է, որ ռազմավարական պաշարների, հաղորդակցությունների եւ տարանցիկ ճանապարհների վերահսկողության ու տեւական հակակշռի ապահովման մեծ խաղը վերսկսել է նոր եռանդով, անձնակենտրոն «պարտիզանությամբ» եւ երկդիմի խճճվածությամբ:



Այս անխիզախ նոր աշխարհի ազդանշաններից մեկը Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխադարձ վերահայտնաբերումն է: Անկախ դրդապատճառներից եւ դրսեւորումներից, Թուրքիայի` իր անդրատլանտյան հենասյան թիկունքում նյութված խաղը եւ Ռուսաստանի` իր «ռազմավարական դաշնակից» Հայաստանի հաշվին կառուցած հարաբերությունները մոտեցնում են ողբերգական պատմության վերադարձի ուրվականը եւ հիշեցնում ավելի քան 85 տարվա վաղեմության այն օրերը, երբ չգոհանալով 1915-ի Ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ժառանգությամբ, բոլշեւիկյան Ռուսաստանն ու Ազգայնական Թուրքիան Մոլոտով-Ռիբենտրոպի հանգույն բաժան-բաժան արեցին հայկական հնամենի բնօրրանը` բախտորոշ հարված հասցնելով նրա ապագային:

Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը, ինչպես այն կոչվում է հայերեն, 1921թ. այս երկու շահագրգիռ կողմերի դավադիր ծրագրի տարածքային զոհերից էր: Նախիջեւանի հետ միասին նա դրվել էր խորհրդային Ադրբեջանի ավատիշխանության ներքո: Հայոց պատմական հայրենիքի նահանգ հանդիսացող Նախիջեւանը հաջորդաբար մաքրվեց իր էթնիկ մեծամասնությունից եւ անգամ իր հայկական մշակութային ժառանգությունից: Սրա ամենաթարմ ապացույցը ԵԽ անդամ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2005թ. դեկտեմբերին Ջուղայի միջնադարյան գերեզմանոցի եւ հազարավոր հայկական խաչքարերի թալիբավայել ամբողջական ոչնչացումն է:

Լեռնային Ղարաբաղը կարողացավ բացառության կարգով ցեղասպանության, հայրենազրկման, բռնազավթման եւ բաժանման անցյալի կտակած հանգամանքները շուռ տալ հակառակ ուղղությամբ, արտաքին ագրեսիայից պաշտպանեց իր ինքնությունը, ամբողջականությունն ու տարածքը եւ 1991-ին հայտարարեց իր ազատությունը, ապագաղութացումն ու ինքնիշխանությունը` Կոսովոյի, Հարավային Օսիայի, Աբխազիայի հարցերն արդիական դառնալուց շատ առաջ, միջազգային պայմանագրային իրավունքի Մոնտեվիդեոյի չափանիշներին, ինչպես նաեւ Խորհրդային Միության այդ ժամանակվա պատկան օրենսդրությանը համապատասխան:



«Կոսովոյի, ապա նաեւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչման միջազգային փորձը ցույց տվեց, որ այս աշխարհում չկա օրենքի իսկական գերակայություն, որը հավասարապես տարածվում է բոլոր սուբյեկտների վրա, այլ գոյություն ունի կենսական շահերի գերակայությունը, որը հարմար ձեւով քողարկվում է կամայականորեն մեկնաբանված` միջազգային իրավունքի սկզբունքների շղարշի ներքո, ինչպես նաեւ ոչ մի տարբերություն չառաջացնող` իրենց ցանկալի փաստերի ընտրովի տարբերակման փորձերի տակ»,- նշել է Հայաստանի նախկին արտգործնախարարը եւ ավլեացրել, որ եկել է ֆարսին դիմակայելու ժամանակը:



«Սա վերաբերում է նաեւ Մոսկվային եւ Անկարային: Սակայն իրենց բարձրաստիճան պաշտոնյաների ներկայիս հայտարարություններից ակնբախորեն երեւում է, որ նրանք դա չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ: Եվ եթե Ռուսաստանն ու Թուրքիան շարժվում են նոր ռազմավարական համաձայնության կարիքից դրդված, ապա այդ պարագայում միջազգային թատերաբեմի իրենց գործընկերներն առնվազն պետք է վերափոխեն իրենց «արագությունը» եւ, համապատասխանաբար, հաշվարկեն վարած քաղաքականության այլընտրանքները: Այստեղ է, որ Իրանը, ԱՄՆ-ը եւ վերջինիս եվրոպացի դաշնակիցները կարող են գտնել իրենց մտահոգությունների առարկայական խաչմերուկը: Ռուսաստանը եւ Թուրքիան այլեւս երբեք չպետք է նպատակի միասնություն որոնեն Հայաստանի եւ հայ ժողովրդի հաշվին: Ցեղասպանությունների, աքսորների, մահվան ճամբարների եւ «գուլագ»-ների փորձը լիովին բավարար է մեր ողջ պատմության համար: Որպես իրական եւ հնարավոր գործընկերներ` կարեւոր այս երկու երկրները պետք է հարգեն հայ ազգի ողբերգական պատմությունը, նրա ինքնիշխան ամբողջականությունը եւ տարածաշրջանային արդի դերակատարությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի` օրինականորեն ձեռք բերած ազատությունն ու անկախությունը»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:



Ֆուտբոլային դիվանագիտությունը լավ է, սակայն Թուրքիան կարող է գլոբալ առաջատարության եւ տեղական լեգիտիմության ցանկալի կարգավիճակը ստանձնել լոկ այն պարագայում, եթե այդ երկիրը`

ա) Հայաստանի հետ հարաբերվի բարեխղճության «պլատֆորմով» եւ ճշմարտության միջոցով հաշտեցմամբ; բ) վերացնի ՀՀ հանդեպ կիրառած ապօրինի շրջափակումը եւ սահմանը որպես սակարկության լծակ օգտագործելու փոխարեն բացի այն, որը միակողմանիորեն փակել էր; գ) դիվանագիտական հարաբերություններ հաստատի առանց որեւէ նախապայմանների եւ այդ հարաբերությունն օգտագործելով` կառուցի երկկողմ վստահություն եւ լուծում տա բազմաթիվ բաժանարար խնդիրների, որոնք բաժանում են երկու հարեւաններին; դ) հետպատերազմյան Գերմանիայի գերազանց օրինակով ընդունի եւ հատուցի 20-րդ դարի առաջին Ցեղասպանության եւ դրան ուղեկցած Ազգային հայրենազրկման համար; ե) խոստանա վերակառուցել, բարենորոգել, ապա նաեւ տոնել հայկական ազգային ժառանգությունը` Արարատ լեռից եւ միջնադարյան մայրաքաղաք Անիից մինչեւ եկեղեցիների, վանքերի, դպրոցների, կաճառների, ամրոցների ու հայրենի բնօրրանի մշակութային այլ գանձերի համաստեղությունը; զ) նախաձեռնի եւ իրականացնի հայրենազրկվածների ժառանգների ու սերունդների` իրենց նախնիների բնակատեղիներ ու կալվածքներ կամավոր վերադարձի իրավունքը երաշխավորող համապարփակ ծրագիր; է) իր հայկական համայնքին տա քաղաքացիական, մարդկային եւ կրոնական լիարժեք իրավունքներ եւ Քրեական օրենսգրքից հանի չարաբաստիկ 301-րդ հոդվածը, որը բավականին երկար ժամանակ ծառայել է որպես ահաբեկման, բռնաճնշման եւ, նույնիսկ, մահվան գործիք այն քաջարի եւ ազնիվ քաղաքացիների դեմ, ովքեր համարձակվում էին բարձրաձայնել ցեղասպանության պատմական փաստը; եւ վերջապես` ը) ավելի մեծ շրջահայացություն ցուցաբերի Դավթի եւ Գողիաթի օրինակով կյանքի ու արդարության համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մղած պայքարի համատեքստում «օկուպացիայի» անհեթեթ ու անհիմն պնդումների շուրջ արտահայտվելիս, այլապես մեկ ուրիշը ստիպված կլինի նրան հիշեցնել այդ եզրաբանության առավել պատշաճ ու տեղին կիրառման նախադեպերի մասին:



Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ճշմարիտ ռազմավարական դաշնակիցները, որպես կանոն, անկեղծորեն խորհրդակցում են միմյանց հետ եւ համակարգում իրենց քաղաքականությունը` ելնելով ընդհանուր շահերից: Նրանք իրար հետ երբեք չեն խոսում անբարենպաստ արձանագրումների շուրջ երրորդ կողմերի հետ թիկունքային բանակցությունների միջոցով, հանրության առջեւ կամ առանձին միմյանց դեմ չեն դիրքավորվում եւ չեն փորձում իրար վախեցնել կամ իրար վրա ճնշում գործադրել աշխարհի մամուլի ակումբների ու թերթերի միջոցով: Ռուսաստանը նույնպես պետք է Հայաստանին վերաբերվի բարի կամքով: Նա պետք է ճանաչի Հայաստանի ազգային ինքնիշխանության ամբողջ խորքը եւ տարածությունը, հետխորհդային հատույթում փոխհարաբերության հորիզոնական բնույթը, Հայաստանի` հավասարակշռված, բովանդակալից եւ ինտեգրալ արտաքին քաղաքականություն որոնելու եւ վարելու իրավունքը, ինչպես նաեւ գիտակցի Լեռնային Ղարաբաղի ազատության, անվտանգության եւ ինքնորոշման իրավունքը ոչ մի դեպքում` անգամ ադրբեջանական նավթի ձեռքբերման ու վերահսկման հենքին, առեւտրի առարկա չդարձնելու հրամայականը:



Պաշտոնական Երեւանն իր հերթին պետք է շրջանավարտ դառնա` իրականացնելու համար իրեն բաժին հասած պատասխանատվությունը` ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու համատեղ անվտանգության, փոխադարձ հարգանքի ու բաց սահմանների, ներքին ժողովրդավարության եւ միջազգային համագործակցության: Որպես հինավուրց քաղաքակրթություն ունեցող նոր պետություն` Հայաստանն արդի դարաշրջանում իր ազգային շահերին կարող է լավագույնս ծառայել կարճ ժամանակահատվածում դարբնելով այնպիսի հանրապետություն, որը կղեկավարվի օրենքի համընդհանուր գերակայությամբ ու իրավունքի իշխանությամբ, մարդու հիմնարար ազատությունների հանդեպ մշտական հարգանքով, արդար կառավարմամբ եւ իրական ընտրություններով: Այս ամենը, ցավոք, տակավին իրականություն չի դարձել: Հայաստանին հարկավոր է ճշմարիտ ուղին եւ անհապաղ, բայց պատմությունը վկա` նա այլեւս երբեք չի կարող եւ չպետք է ընդունի հիմարի տեղը, կամ էլ` առավել եւս զոհի, ամփոփել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---