Հռոմի Պապը, խոսելով հայ ժողովրդի ողբերգության մասին, ձեռնպահ է մնացել «ցեղասպանություն» տերմինը գործածելուց

PanARMENIAN.Net - Նոյմբերի 23-ին Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը այցելել է Վատիկան, որտեղ հանդիպել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մեծ նշանակություն են տվել Կաթոլիկական եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ կապերի զարգացմանը, ինչպես նաեւ ընդգծել են երկու եկեղեցիների ավանդույթների եւ արժեքների նմանությունը, ինչը նպաստում է աշխարհում բարեկամության եւ համերաշխության զարգացմանը:



Ինչպես հաղորդում է Times Online-ը, Հռոմի Սրբազանը, հանդիպման ընթացքում խոսելով 20-րդ դարասկզբի հայ ժողովրդի ողբերգության մասին, ձեռնպահ է մնացել «Հայոց ցեղասպանություն» տերմինը գործածելուց: Արամ I-ն իր հերթին ընդգծել է, որ «եկեղեցիներն եւ պետությունները պետք է ճանաչեն եւ քննադատեն աշխարհում իրագործված ցեղասպանությունները, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանությունը, եւ անեն ամեն ինչ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար»:



Ավելի վաղ կարդինալ Վալտեր Կասպերը հայտնել էր, որ Վատիկանը Հայոց ցեղասպանությունը որպես փաստ է դիտարկում: Նա հիշեցրել է, որ Վատիկանի այդ դիրքորոշման մասին հայտարարություն է եղել դեռեւս Հովհաննես Պողոս II Պապի` Հայաստան կատարած այցելության ժամանակ: «Հռոմի պապը այցելեց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան եւ իր ճառում օգտագործեց «ցեղասպանություն» բառը, չնայած Թուրքիայում առաջ եկած անորոշության ալիքին: Հայոց ցեղասպանությունը մեղադրանք չէ, դա իրականություն է: Դա քննարկման ենթակա չէ: Դա պատմական փաստ է բազմաթիվ զոհերով: Ես, իհարկե, չգիտեմ, թե ինչ կարող է անել Վատիկանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Կաթոլիկ եկեղեցին, առաջին հերթին, զոհերի կողմից է: Մեզ համար դա ամենակարեւոր սկզբունքն է մեր դիրքորոշման կողմնորոշման հարցում»,- ընդգծել է կարդինալ Կասպերը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---