Ալիեւի հայտարարությունները հայկական կողմի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու միջոց կարող են լինել

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ Իլհամ Ալիեւի հերթական ռազմաշունչ հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության առնչությամբ կարող են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ասպեկտ ունենալ: Ինչ վերաբերում է ներքաղաքականին, ապա այն կարող է կապված լինել համաշխարհային տնտեսության աճող բացասական երեւույթների հետ, որոնք չէին կարող չանդրադառնալ Ադրբեջանի տնտեսության վրա, որի զգալի մասը կազմում է վառելիքա-էներգետիկ համալիրը եւ շինարարական ոլորտը»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի աշխատակից Անդրեյ Արեշեւը: Այդպես է նա մեկնաբանել Ադրբեջանի նախագահի վերջին արտահայտություններն այն մասին, որ «Մայնդորֆի հռչակագրում ոչ ոք չի կարողանա գտնել հակամարտության ռազմական ուղուց հրաժարվելու վերաբերյալ Ադրբեջանի պարտավորությունը եւ ուստի, հուսալով, որ կգտնվի քաղաքական կարգավորում, մենք միեւնույն ժամանակ միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած միջոցների, եւ այստեղ ռազմական ուղին երբեք չի բացառվել, եւ այժմ էլ բացառված չէ»: Ըստ Արեշեւի, չնայած այն հավաստիացումներին, թե «համաշխարհային ճգնաժամը շրջանցել է Ադրբեջանը, ակնհայտ է, որ դա այդպես չէ: Եվ այդ պայմաններում, ըստ ռուս փորձագետի, հիշեցումը չլուծված ղարաբաղյան հակամարտության մասին կարող է օգտագործվել որպես հանրությանը կենսական խնդիրներից շեղող եւ ի դեմս «արտաքին թշնամու» ժողովրդին համախմբող գործիք:



Ա.Արեշեւը գտնում է նաեւ, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների արտաքին քաղաքական կողմը կարող է կապված լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր դինամիկայի հետ, որի կարեւոր բաղկացուցիչ մասը դարձավ նոյեմբերի սկզբին կնքված Մայնդորֆի հռչակագիրը: «Դրանից հետո ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության ներկայացուցիչները մի քանի հայտարարություններ արեցին բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին: Որոշ նման հայտարարություններում, թեկուզ անուղղակի կերպով, հեղինակները կիսում էին Հայաստանի ու Ղարաբաղի մտավախությունները սեփական անվտանգության երաշխիքնեի բացակայության վերաբերյալ` Ադրբեջանին միակողմանի զիջումներից հետո, որոնք մինչ այժմ առաջ քաշվող «խաղաղարար» նախագծերի անբաժան մասն էին կազմում: Միաժամանակ, Ադրբեջանում կարող էր պատրանք ստեղծվել, թե Մոսկվան պարտադրում է Երեւանին գնալ միակողմանի զիջումների, եւ այդ համատեքստում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայկական կողմի վրա լրացուցիչ հոգեբանական ու քարոզչական ճնշում գործադրելու միջոց կարող են լինել: Նշենք, որ ծեծված կլիշեների կրկնությունը, ոչ կոռեկտ հղումները «միջազգային իրավունքի» վրա, չդադարող սպառնալիքները եւ բարձ պահանջարկային դիրքորոշումը փաստորեն ի չիք են դարձնում նոյեմբերի սկզբին Մոսկվայում ռուս դիվանագիտության ջանքերի շնորհիվ ձեռք բերված դրական արդյունքը»,-ասել է նա:



Արեշեւը նշել է, որ ռազմատենչ հայտարարություններ են հնչել նաեւ իտալական RAI հեռուստաալիքի եթերում այդ երկիր Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցի ժամանակ: «Իտալիան ոչ միայն Ադրբեջանի կարեւոր առեւտրատնտեսական գործընկերն է, այլ նաեւ ԵՄ-ի առանցքային անդամներից մեկը, որը հակամարտությունների խաղաղ լուծման կողմնակից է եւ իր մոտեցումներում ուշադրությունը կենտրոնացնում է հենց փոքրամասնության շահերի վրա (ինչպես, օրինակ, Կիպրոսի դեպքում): Ուստի անզիջում դիրքորոշումը, ում կողմից էլ այն հնչի, հազիվ թե համապատասխանի Եվրամիության շահերին, որը շահագրգռված է, որ Հարավային Կովկասում կայուն իրավիճակ լինի»«-ասել է փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---