«Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի նախաձեռնողներին լուրջ վտանգ է սպառնում

PanARMENIAN.Net - Որոշ թուրքական աղբյուրների համաձայն, այն բանից հետո, երբ Թուրքիայում սկսվեց «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավը, երկրում շատ լարված իրավիճակ է տիրում եւ այդ քարոզարշավի նախաձեռնողներին, ում արդեն քննադատել եւ «դավաճան ու ֆաշիստ» են անվանել, լուրջ վտանգ է սպառնում: Նույն այդ աղբյուրների տվյալների համաձայն, Թուրքիայի ազգայնական ուժերը` թուրք ռազմական ուժերի աջակցությամբ, պատրաստ են ամեն կերպ խոչընդոտել քարոզարշավի նախաձեռնողների գործողություններին եւ ուժ գործադրել թուրք մտավորականության այն ներկայացուցիչների հանդեպ, ովքեր միացել են «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, Թուրքիայի անցյալի վերանայման այդ քարոզարշավը շատ լավ կազմակերպված է եւ դրան ակտիվ մասնակցություն է ցուցաբերում երիտասարդությունը: Չնայած շատերի կասկածներին, քարոզարշավի նախաձեռնողները շարունակում են հավատալ, որ Թուրքիայի կառավարությունն ի վիճակի է հաղթահարել երկրում ստեղծված ճգնաժամը:



Դրա հետ մեկտեղ Ժան Էքիյանը հիշեցնում է, որ թուրք մտավորականության մի շարք ներկայացուցիչներ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների համար ենթարկվել են եւ շարունակում են ենթարկվել քրեական հետախուզության: Նրանց մեջ է նաեւ հրատարակող Ռաջիպ Զարաքօղլուի գլխավոր օգնական Մեհմեդ Ալի Վարիսը, որը 2002թ. «Թուրքական նույնության վարկաբեկում» հոդվածի համար դատապարտվել էր բանտարկման եւ չէր ազատվել, քանի որ չէր կարողացել վճարել գրավը` $150000:



«Հայե'ր, ներե'ք մեզ» հանրագրի տակ, որում հայերից ներողություն է հայցվում Հայոց ցեղասպանության համար, իրենց ստորագրությունն են դրել արդեն ավելի քան 20 հազար հոգի: Հանրագիրը Ինտերնետում տեղակայվել է դեկտեմբերի 15-ին:



Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: «Ես չեմ կարող համաձայնել Օսմանյան կայսրության հայերին բաժին հասած այդ աղետի հանդեպ անտարբերության եւ ժխտման հետ: Ես հրաժարվում եմ անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ հայցում նրանց ներողամտությունը»,- ասվում է հանրագրում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---