Աբդուլլա Գյուլն իր մոր հայկական ծագման մասին խոսքերի համար դատի է տվել պատգամավորին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի իրավաբանը դատարան է դիմել ընդդիմական Հանրապետական ազգային կուսակցության անդամ Ջանան Արիթմանի դեմ քրեական գործ հարուցելու հայցով: Վերջինս վերջերս, կտրուկ քննադատության ենթարկելով նախագահ Գյուլի վերաբերմունքը «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի հանդեպ, ակնարկել է, որ նախագահի մայրը ազգությամբ հայ է:



«Իր քաղաքական շահերից դրդված Արիթմանի տարածած ասեկոսեները, կասկած են հարուցել թուրք առաջնորդի հանդեպ: Նրա հայտարարությունները, որոնք հիմնված են ռասիզմի եւ խտրականության վրա, լուրջ վնաս են հասցրել Աբդուլլա Գյուլի ընտանիքի եւ անձի հեղինակությանն ու վարկին»,- ասվում է Թուրքիայի նախագահի իրավաբան Օմեր Քյուչուքոզքանի հանրագրում: Դրանում նաեւ ընդգծվում է, որ Աբդուլլա Գյուլը հանդիսանում է Թուրքիայի բոլոր քաղաքացիների նախագահը եւ միշտ բացեիբաց արտահայտել է իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում` ինչպես Թուրքիայում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: «Իմ պաշտպանյալի դիրքորոշումը խեղաթյուրված է: Բացի այդ, հասարակությանը փորձում էին ներկայացնել, որ, իբր, Աբդուլլա Գյուլը օժանդակում է հասարակության որոշակի հատվածի նախաձեռնությունը, քանի որ նախագահի մայրը հայկական արմատներ ունի: Իհարկե, անհնար է փոխհատուցել այն վնասը, որ հասցվել է իմ հաճախորդի հեղինակությանը, բայց, այնուամենայնիվ, մենք պահանջում ենք, որպեսզի տարածված հաղորդումը հերքվի»,- ասվում է Թուրքիայի նախագահի իրավաբանի հանրագրում, հաղորդում է Today's Zaman թերթը:



Ընդդիմական Հանրապետական ազգային կուսակցության անդամ, պատգամավոր Ջանա Արիթմանը վերջերս քննադատության է ենթարկել նախագահ Աբդուլլա Գյուլի վերաբերմունքը «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի հանդեպ: Նրա խոսքերով, քարոզարշավի կազմակերպիչներին ոգեշնչել է Գյուլի այցը Հայաստան: Բացի այդ, պատգամավորը ակնարկել է, որ երկրի նախագահի մայրը ազգությամբ հայ է: «Մենք տեսնում ենք, որ նախագահը օժանդակում է այդ քարոզարշավին: Աբդուլլա Գյուլը պետք է ոչ թե իր էթնիկական արմատների հետեւորդ, այլ հանրապետության նախագահ լինի, նոր թուրք ազգության առաջնորդ: Պարզեք նախագահի էթնիկական արմատները մայրական գծով եւ ինքներդ կտեսնեք»,- հայտնել է Արիթմանը:



Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ի պատասխան տարածված լուրերին իր մոր հայկական ծագման մասին, հայտարարել է, որ իր նախնիները եւ մայրական, եւ հայրական կողմից զտարյուն թուրքեր եւ մահմեդականներ են եղել: Իմ մայրը սերում է Աաթօղլուների ընտանիքից, որն ապրել է Կայսերիի շրջանում: Այնտեղից է նաեւ իմ հայրը: Ես, անշուշտ, հարգում եմ Թուրքիայի բոլոր քաղաքացիների էթնիկ ծագումը, ընտանեկան կապերը: Նրանք բոլորը հավասար իրավունքներ եւ պարտավորություններ ունեն, ինչպես ասվում է երկրի Սահմանադրության մեջ: Ես հպարտանում եմ մեր երկրով, որը հասել է գիտակցության նման մակարդակի»,-հայտարարել է Աբդուլլահ Գյուլը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---