Հիլարի Քլինթոն. ԱՄՆ նոր վարչակազմը հետեւողական կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

PanARMENIAN.Net - Արտաքին հարաբերությունների գծով Սենատի հանձնաժողովում լսումներ են կայացել Հիլարի Քլինթոնին ԱՄՆ Պետքարտուղար նշանակելու վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (AAA), լսումների ընթացքում սենատոր Ռոբերտ Մենենդեզը, որը հայկական շահերի պաշտպանն է հանդիսանում Սենատում, ընդգծեց նոր վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության փաստը հաստատելու կարեւորությունը եւ հույս հայտնեց, որ Հիլարի Քլինթոնը նույնպես պաշտպանելու եւ նպաստելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Սենատորի խոսքերով, Հայոց ցեղասպանությունը աշխարհով մեկ ճանաչված փաստ է: Պետքարտուղարի պաշտոնի թեկնածուն նշել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը հետեւողական կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «AAA-ն ամեն կերպ ողջունում եւ օժանդակում է Հիլարի Քլինթոնի հաստատումը որպես ԱՄՆ Պետքարտուղար եւ համագործակցություն է ակնկալում նոր վարչակազմի հետ»,- հայտնել է AAA Հոգաբարձուների խորհրդի անդամ Աննի Տոտան:



«Ես հավատում եմ, որ հայկական բնակչության դեմ Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված եւ իրականացված ողբերգական իրադարձությունները Կոնգրեսին եւ ԱՄՆ նախագահին պարտավորում են ճանաչել եւ հիշել Հայոց ցեղասպանությունը»,- անցյալ տարվա ամռանը` նախագահական քարոզարշավի ընթացքում, հայտնել է Հիլարի Քլինթոնը:



Լսումները վարում էր ԱՄՆ արտաքին կապերի գծով Սենատի հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջոն Քերրին:



Սպասվում է, որ գալիք երեքշաբթի` անմիջապես Բարակ Օբամայի երդման արարողությունից հետո, Սենատն ամբողջական կազմով կհավաքվի կարճատեւ նիստի, որպեսզի հաստատի Հիլարի Քլինթոնի թեկնածությունը Պետքարտուղարի պաշտոնում: Չորեքշաբթի օրը` առավոտյան, նա կստանձնի իր պարտականությունները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---