Հայաստանը շահագրգռված է Եմ հետ քաղաքական եւ տնտեսական համագործակցության զարգացման գործում

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 19-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, Եվրահանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության երկկողմ առեւտրային հարցերով տնօրեն Եվա Սինովիչին եւ նրանց գլխավորած պատվիրակություններին:



Կարեւորելով Եվրամիության պաշտոնյաների բարձր մակարդակի այցերը Հայաստան` Արթուր Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ ձեռք բերված գործնական պայմանավորվածությունները կնպաստեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանը: Զրուցակիցները խոսել են Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում իրականացվելիք արեւելյան գործընկերության հայեցակարգի, նոր նախաձեռնության շրջանակում քաղաքական երկխոսության զարգացման, տնտեսական ոլորտում ազատ առեւտրի զարգացմանն ուղղված համաձայնագրի կարեւորության մասին:



Եվա Սինովիչը նշել է, որ այս նախաձեռնությունը մի նոր գործիքախումբ է, որը հնարավորություն կտա ավելի զարգացնել թե ԵՄ-ՀՀ, թե բազմակողմ հարաբերությունները: Արթուր Բաղդասարյանը բարձր է գնահատել «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը եւ կարեւորել ազատ առեւտրի զարգացման համաձայնագրի կնքումը: Նա նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խթանել քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ եւ այս առումով ակնկալում է ԵՄ աջակցությունը, քանզի քաղաքական եւ տնտեսական համագործակցության խորացումը կայունության կարեւոր գործոն է նաեւ տարածաշրջանի համար:



Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր: Այս համատեքստում Պիտեր Սեմնեբին կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակումն ու իրականացումը, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---