ՀԱԿ-ը պարզաբանում է, թե «ում էր շահավետ դրամի կտրուկ անկումը»

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը մեկնաբանում է ազգային արժույթի կտրուկ անկումից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակը:



Նախօրեին ընդամենը մի քանի ժամում դոլարի փոխարժեքը Հայաստանում հասավ 360 դրամի մեկ դոլարի դիմաց, իսկ եվրոյի փոխարժեքը կազմեց 440 դրամ: Մինչ այդ դոլարի փոխարժեքը 305-310 դրամի սահմանում էր, եվրոյինը` 387-ի: Նման կտրուկ աճի հիմնական պատճառը հանդիսացավ ՀՀ կենտրոնական բանկի որոշումը, որով նա հրաժարվեց վերջին տարիներին իրականացվող «ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունից»` անցնելով լողացող փոխարժեքի քաղաքականության:



Ինչպես ասվում է ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ, «այս որոշմամբ իշխանությունները հաստատեցին Հայ ազգային կոնգրեսի, նրա տնտեսական հանձնաժողովի եւ մասնավորապես մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչեցված այն կանխատեսումը, որ իշխանությունները չեն կարող շարունակել դրամի փոխարժեքի պահպանման քաղաքականությունը եւ ստիպված են լինելու որոշում ընդունել, որը կբերի դրամի փոխարժեքի գահավիժման»:



ԱՀԿ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի տնտեսական համակարգում քաոսային իրավիճակ առաջացրած այս որոշումը հետեւանք է իշխանությունների կողմից միջազգային ճգնաժամի խորությունն արհամարելու եւ ներմուծող օլիգարխների շահերի սպասարկմանը ուղղված արատավոր տնտեսական համակարգի պահպանելու անհեռատես - հանցավոր քաղաքականության»: «Հայ ազգային կոնգրեսը բազմիցս հայտարարություններով զգուշացրել էր, որ միջազգային տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար անհրաժեշտ է վարել դրամի փոխարժեքի լողացող քաղաքականություն եւ դադարեցնել արտաքին պահուստների վատնումն ու հափշտակումը: Վարչախմբի այս պնդաճակատ քաղաքականությունը, որ շարունակվեց մինչեւ վերջին հնարավոր օրը, ոչ թե իրողությունները չհասկանալու արդյունք էր, այլ անգամ ահավոր ճգնաժամից օգտվելով վերջին թալանը իրականացնելու գիտակցված գործողություն։ Ընդամենը վերջին 4-5 ամսվա ընթացքում, դրամի արհեստական փոխարժեքի պահպանման անվան տակ վարչախումբը Հայաստանի արտաքին պահուստներից շուկա նետեց ավելի քան 800 միլիոն դոլար, որն ամբողջությամբ ի վերջո մտավ մեկ-երկու տասնյակ օլիգարխների եւ պաշտոնյաների գրպանը։ Եթե գոնե ճգնաժամի սկզբից՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից ֆիքսված փոխարժեքի փոխարեն սահուն իրականացվեր լողացող փոխարժեքի քաղաքակություն, ապա հնարավոր կլիներ մեղմացնել ճգնաժամի հնարավոր հետեւանքները, խուսափել այն փլուզումից, ինչին ականատես եղանք մարտի 3-ին, որոնք են. գնաճը, սղաճի անկառավարելի բարձր մակարդակ, արտաքին պահուստների վտանգավոր ցածր մակարդակ, բյուջետային մուտքերի հավաքագրման աննախադեպ ցածր մակարդակ (40-50 տոկոս) եւ այլն»,-ասվում է կոնգրեսի հայտարարության մեջ:



ՀԱԿ-ն առաջարկում է «վերադառնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, բացառել ԿԲ ադմինիստրատիվ միջամտությունը, դադարեցնել արտարժութային պահուստների վատնումը եւ վերականգնել օպտիմալ մակարդակը»: Հարկավոր է նաեւ ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման թափանցիկությունը գերշահույթների բացառման նպատակով եւ իրականացնել հակամենաշնորհային միջոցառումներ: ՀԱԿ-ն առաջարկում է իջեցնել գազի եւ էլեկտրաէներգիայի գները, վերանայել 2009թ. պետական բյուջեն` պետական ապարատի ծախսերի կրճատում, տնտեսության աճը չխթանող, ոչ հրատապ ծրագրերի ֆինանսավորման դադարեցում: «Մինչեւ ճգնաժամի հաղթահարումը հարկային վարչարարության բարեփոխումների ժամանակավոր կասեցում, մասնավորապես՝ փոքր եւ միջին բիզնեսի հարկման բազայի նվազեցում, ՀԴՄ-ների պարտադիր կիրառման դադարեցում, տաքսիների նկատմամբ նախատեսվող պահանջների հետաձգում, բանկային համակարգից ավանդների արտահոսքը կանխելու նպատակով բանկային ավանդների երաշխավորված շեմի բարձրացում` 2 միլիոն դրամից մինչ- 5 միլիոն դրամ, հակաճգնաժամային միջոցառումների հրապարակայնության, հասարակությանը ճշգրիտ եւ ամենօրյա տեղեկատվության ապահովում։



ՀԱԿ-ը հավելում է, որ այդ ծրագիրը կարող է իրականացնել միայն «ժողովրդի վստահությունը վայելող օրինական իշխանությունը»։
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---