Թուրքիայի Կենտրոնական բանկը հետեւել է այլ երկրների օրինակին եւ «բաց է թողել» լիրան

PanARMENIAN.Net - Լիրան, 2008 թվականին 25 տոկոսով անկում ապրելով ԱՄՆ դոլարի նկատմամբ, 2009 թվականի սկզբին անկում է ապրել եւս 15 տոկոսով: Թուրքական լիրան երկուշաբթի օրն աճել է 1,81 մակարդակով ԱՄՆ դոլարի նկատմամբ, այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկն ակտիվացրել է ազգային արժույթի արժեզրկման զսպումը: Նույն երկուշաբթի օրը թուրքական լիրան անկում է ապրել ավելի քան 1 տոկոսով` հասնելով ԱՄՆ դոլարի նկատմամբ պատմության մեջ ամենացածր 1.82 մակարդակին: Սակայն օրվա վերջին լիրան ամրացել է 1,81 մակարդակում, այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ կրկին կսկսի դոլարի վաճառքն աճուրդում երեքշաբթի օրվանից:



Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մեհմեդ Շիմշեքը երկուշաբթի օրը հայտարարել է այն մասին, որ լիրայի անկումը պայմանավորված է գլոբալ ճգնաժամի ազդեցությամբ: «Գոյություն ունի ընդհանուր նահանջ ռիսկերից, որն աշխարհի բոլոր անկյուններում դոլարի ամրացման արդյունք է», - Դողան լրատվական գործակալությանը հայտարարել է Մեհմեդ Շիմշեքը:



Մտահոգություն հայտնելով տնտեսական իրավիճակի առնչությամբ, վերլուծաբաններն ասում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի արձագանքը կարեւոր նշանակություն կունենա այս ժամանակահատվածում եւ կօգնի կայունացնել աճող դրամական շուկաները: «Բանկը կարող է նվազեցնել արտարժութային հաշիվների համար ահրաժեշտ պահուստների հարաբերակցությունը: Նախկինում այդպես արդեն արվել է», - հաղորդել է տնտեսագետ Մուրադ Սալարան: Նրա կարծիքով, արտարժույթի ընթացիկ մակարդակն Արժույթի միջազգային հիմնադրամի երկար սպասված վարկն առավել կարեւոր է դարձնում:



Արտարժութային քաղաքականության թուլացումը, հավանաբար, կուժեղացնի Թուրքիայի մտահոգությունը տնտեսական իրավիճակի առնչությամբ, քանի որ ԱՄՀ-ի հետ նոր վարկի տրամադրման շուրջ բանակցությունների արդյունքում կառավարությունն հայտարարել է, որ փոխառությունների համար որոշ պայմաններ ընդունելի չեն: Հնարավոր նոր վարկի տրամադրման շուրջ բանակցությունները դադարեցվել էին փետրվարին:



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 2-ին հայտարարել էր, որ Թուրքիան ԱՄՀ-ի վարկերի կարիքը չունի եւ չի կարող ավարտել բանակցությունները հնարավոր տնտեսական համաձայնագրի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ չեն կայացել մարտի 29-ի տեղական ընտրությունները: Թուրքիայի Կենտրոնական բանկի գնահատմամբ, երկրում, որը ձգտում է խուսափել ռեցեսիայից, այս տարի 30 մլրդ դոլարի չափով արտաքին ֆինանսավորման պահանջ ունի:



Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը 2009 թվականի մարտի 3-ին հայտարարել էր լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու մասին: ԿԲ մասնագետների գնահատմամբ, 2009 թվականին միջին հավասարակշռված փոխարժեքն ակնկալվում է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 360-380 դրամ սահմաններում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---