Հայ-գերմանական կազմակերպությունն իրականացնում է «Ինտեգրվել խաղալով» շախմատային նախագիծը

PanARMENIAN.Net - Հայ-գերմանական «Deutsch Armenische Initiative Berlin» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Բեռլինում իրականացվում է «Ինտեգրվել խաղալով» շախմատային նախագիծը: Ծրագրի նպատակն է տարբեր ազգությունների մարդկանց միջեւ ծանոթությունների ու շփումների հաստատումը, ինչպես նաեւ պատանիների ու երեխաների առողջ ինտեգրումը հասարակությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել գերմանա-հայկական հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Բաղդասարյանը, նախագիծն իրականացվում է 2008թ. նոյեմբերի 13-ից մինչեւ 2009թ. մայիսի 2-ը:



«Մեր նախագծի հիմնական նպատակն է շփումների եւ ծանոթությունների միջավայրի ստեղծումը, որը կհանգեցնի տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: Այդ նպատակով մենք որոշեցինք շախմատային մրցաշար կազմակերպել, որին կմասնակցեն 12-25 տարեկան բոլոր ցանկացողները: Սակայն նախագիծը գերազանցեց մեր բոլոր ակնկալիքները` մեզ էին դիմում ծնողներ, խնդրելով թույլ տալ մասնակցել նաեւ իրենց երեխաներին, որից հետո մենք որոշեցինք մասնակցությանը ներգրավել նաեւ 9-10 տարեկան երեխաներին»,-ասել է Բաղդասարյանը:



Ըստ Ժաննա Բաղդասարյանի, կազմակերպությունը հաշվի էր առել բոլոր մանրուքները, որպեսզի մասնակիցները ոչ մի դժվարություն չունենան:



«Մեզ էին դիմում բոլորը, նույնիսկ այն երեխաները, որոնք չգիտեն շախմատ խաղալ: Նման դեպքերի համար մենք ուսուցիչներ ունենք, որոնք շախմատ են սովորեցնում: Նախագծին մասնակցում են տարբեր ազգությունների մարդիկ` գերմանացիներ, ռուսներ, հայեր, վյետնամցիներ, հունգարացիներ, լեհեր...,-նշել է Բաղդասարյանը:-Մենք հուսով ենք, որ նման միջոցառումներն ավելի շատ կլինեն եւ ավանդական կդառնան, սակայն դա կախված է ֆինանսներից»,-ասել է նախագծի կազմակերպիչը:



Մայիսի 2-ին տեղի կունենա մրցաշարի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն լավագույն ցուցանիշները ցույց տված 32 հոգի: Մրացաշարի բոլոր մասնակիցները մեդալներ կստանան, պատվոգրեր եւ, որպես նվեր, շախմատի ապակե տախտակներ: Իսկ առաջին երեք մրցանակակիրները վերոնշյալ պարգեւներից բացի նաեւ գավաթներ կստանան:



Եզրափակիչ փուլում նախատեսվում է նաեւ Գերմանիայում բնակվող հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մասնակցությունը: Ըստ Ժաննա Բաղադասարյանի, Արոնյանը կհետեւի մասնակիցների խաղին, իսկ վերջում մի քանի մասնակից հնարավորություն կստանա խաղալ օլիմպիական չեմպիոնի հետ: Պարգեւատրման արարողության ժամանակ հայ գրոսմայստերը իր մակագրությամբ պատվոգրեր կհանձնի մասնակիցներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---