Ավստրիայում ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հայ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար է կանգնեցվել

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին` Ավստրիայում գտնվող Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 64-րդ ամյակին նվիրված ամենամյա հիշատակի միջոցառման ժամանակ, տեղի է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հայ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը:



Հուշաքարի տեղադրումն իրականացվել է շնորհիվ Ավստրիայում Հայաստանի դեսպանության եւ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության: Այն տեղադրվել է Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի Հիշատակի պատի վրա, որտեղ տարբեր ժողովուրդների զոհերի հիշատակը հավերժացնող բազմաթիվ նման հուշաքարեր կան: Հուշաքարի վրա հայերեն եւ գերմաներեն լեզուներով գրված է «Ի հիշատակ հայ ժողովրդի զավակների, որ ընկան ֆաշիզմի դեմ պայքարում հանուն ազատության եւ խաղաղության»:



Հուշաքարի բացումը կատարել են եւ ելույթներով հանդես են եկել Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ «Մաութհաուզեն» կոմիտեի նախագահության անդամ Իրմգարդ Աշբաուերը: Հուշաքարն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը:



Դեսպան Հովակիմյանը ելույթում խոսել է Համաշխարհային 2-րդ պատերազմում ֆաշիզմի դեմ մղած պայքարում հայ ժողովրդի ավանդի ու սխրանքների, հարյուր հազարավոր զոհերի ու զրկանքների մասին: Նա իր գոհունակությունն է հայտնել, որ վերջապես հնարավոր դարձավ հայազգի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար տեղադրել Մաութհաուզենում:



Հուշաքարի բացման արարողությանը ներկա են եղել եւ ծաղկեպսակներ են դրել Ավստրիայում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի, Կիպրոսի դեսպաններն ու ռազմական կցորդները, դիվանագետներ, «Մաութհաուզեն» կոմիտեի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Ավստրիայում Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակներ են դրվել նաեւ համակենտրոնացման ճամբարի զոհերի գլխավոր հուշակոթողին, ինչպես նաեւ Խորհրդային Միության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---