Գագիկ Բեգլարյան. Երեւանում հնարավոր է «Մոնրեալի տան» հիմնադրում

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-24-ը կայացել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այցը Մոնրեալ, որը 2001 թվականից Երեւանի քույր-քաղաքն է: Այցի ընթացքում կայացել են քաղաքապետի հանդիպումները Մոնրեալի քաղաքապետ Ջերալդ Թրամբլեի եւ Քվեբեկ նահանգի մունիցիպալ հարցերի եւ տարածքային կառավարման նախարար Լորան Լեսառի հետ:



Հանդիպումների ընթացքում քննարկվել են Երեւանի եւ Մոնրեալի համագործակցության ակտիվացման հեռանկարները, անդրադարձ է եղել քաղաքային տնտեսության մի քանի ոլորտներում` աղբի վերամշակում, ձյունահեռացում, Մոնրեալի հարուստ փորձը Երեւանում ներդնելու հնարավորությանը: Գագիկ Բեգլարյանը խոսել է նաեւ Երեւանում Մոնրեալի կամ Քվեբեկի «տուն» հիմնելու հնարավորության մասին` որպես Հայաստանում ֆրանկոֆոնիայի եւ երկկողմ մշակութային եւ առեւտրատնտեսական կապերի խրախուսման կենտրոն:



Քաղաքապետ Բեգլարյանն այցելել է նաեւ Մոնրեալի «Սեն-Միշել» բնապահպանական համալիր, որը մասնագիտանում է աղբի վերամշակման բնագավառում, հանդիպել է նաեւ ձյունահեռացման ոլորտում մասնագիտացող ընկերությունների ներկայացուցիչների հետ:



Երեւանի քաղաքապետն առանձին հանդիպում է ունեցել Մոնրեալի քաղաքային խորհրդի հայազգի պատգամավորներ Նուշիկ էլոյանի, Մերի Դերոսի եւ Հասմիկ Բելելիի հետ, այցելել է Մոնրեալում գտնվող հայկական հաստատություններ, ելույթներ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ, հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---