Ադրբեջանը խաբում է իր փախստականներին, երբ ասում է, որ նրանք բոլորը կարող են վերադառնալ իրենց տները

PanARMENIAN.Net - Ադրբեջանին ԼՂՀ որոշ տարածքների վերադարձի դեպքում, ադրբեջանցի փախստականների զգալի մասը հնարավորություն չի ունենա վերադառնալու իր նախկին բնակավայրը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, նրանք զրկված կլինեն այդ հնարավորությունից, ոչ այն պատճառով, որ հայկական կողմը դեմ կլինի, այլ տեղի ունեցող աշխարհագրական փոփոխությունների պատճառով, որոնց հետեւանքով այդ հողերը վերադառնալն անհնարին կդառնա: Այդ հանգամանքին քաջատեղյակ է ադրբեջանական կողմը եւ իր համաձայնությունն է տվել տվյալ գործընթացը սկսելուն:



«Խոսքը գնում է այն մասին, որ այսօր Արաքսի վրա Իրանը կառուցում է մեծ ջրամբար, եւ վերջինիս շահագործման դեպքում այն տարածքները, որոնք բնակեցված էին ադրբեջանցիներով, կհայտնվեն ջրի տակ», -ասել է Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, դա շատ մեծ տարածք է, եւ Ադրբեջանի իշխանությունները ստում են, երբ ասում են, որ փախստականները կարող են վերադառնալ այդ տարածքները, քանի որ դրանք բնակության համար պիտանի չեն լինի:



«Եթե առաջ հայկական կողմն առավել հստակ արտահայտեր իր դիրքորոշումն այն առնչությամբ, որ այդ տարածքները վերադարձման ենթակա չեն, ապա այսօր տարածքների հետ կապված այդպիսի խնդիրներ չէին լինի», - նշել է Արման Մելիքյանը, ավելացնելով, որ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանություններն առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է ջանադրաբար աշխատեն` այդ հարցին վերջնական լուծում տալու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---