Գեորգի Պետրոսյան. Թուրքիան Ադրբեջանին տված սեփական խոստումների պատանդն է

PanARMENIAN.Net - Հայությունը եւ Թուրքիան ունեն բազմաթիվ խնդիրներ եւ բարդ հանգույցներ, որոնք ասօրվա վիճակում ազդում են մեր առօրյա կյանքի վրա: Այդ մասին հայտնել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանը: «Ես կուզենայի, որպեսզի մերձեցման գործընթացը ոչ թե շահարկվի, այլ, ժողովրդների միջեւ նույնպես լուրջ բանակցություններ, շփումներ իրականացվեն, որ կարողանանք ամեն մեկս հստակեցնել, ճշգրտել մեր դիրքորոշումները, հասկանալ իրար: Այդ կնճռոտ կետերը վերաբերվում են ընդհանրապես ոչ միայն հայությանը, հայկական աշխարհին: Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ, ասեմ, որ նորագույն պատմության շրջանում էր, երբ Ղարաբաղի ժողովուրդը քաղաքական հարց բարձրացրեց: Սկսած 1988 թվականից` փաստորեն Խորհրդային Միության փլուզման նախաշեմին, մենք ստացանք շատ ծանոթ իրադարձություններ Ադրբեջանի տարածքում` կապված հայկական բնակչության հետ. անշուշտ կրքերը նորից բորբոքվեցին, վերքերը բացվեցին, եւ եթե դա նախապատրաստական քայլ չէր ցեղասպանության իրականացման, ապա դա ի՞ նչ էր: Հիմա առկա են տարբեր մեկնաբանություններ այդ հարցերի շուրջ` պաշտոնական, հումանիտար եւ այլն: Դրանք այն խնդիրներն են, որ բավականին լուրջ ազդում են մարդկային հիշողությունների, ապագա քաղաքականության եւ ապագայում նորմալ հարեւաններ լինելու հնարավորությունների վրա: Պարզ փաստ է, որ այս տարածքից ոչ մեկ չի հեռանալու: Այս տարածքում պետք է ընդհանուր եզրեր գտնել, որը որ պետք է հիմնվի թե մարդկային իրավունքների վրա եւ թե ընդհանրապես ժողովրդի իրավունքի վրա. սա է ամենակարեւորը»,- ընդգծել է Պետրոսյանը:



Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ասօրվա վիճակի հետ կապված, մենք տեսնում ենք, որ Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաները շատ ուղղակի ձեւով այս երկու` Ղարաբաղի խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը փորձում են իրար կապել: «Դա չի նպաստի Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, որովհետեւ ակնհայտ է, որ Թուրքիան սեփական խոստումների պատանդն է, որոնք ժամանակին տվել է Ադրբեջանին եւ այսօր էլ կատարում է, եւ սա շատ ուղղակի հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում: Ուզենաս, թե չուզենաս, Թուրքիան դառնում է շահագրգիռ կողմ` հերթական անգամ պնդելով, որ առանց եւ այլը եւ այլը ոչ մի դրական արդյունքի չի հասնելու: Սա նույնպես ընկալվում է որպես ճնշման ձեւ, բայց ճնշման ձեւերը հազիվ թե դրական արդյունքներ ապահովեն: Ներկա պահին ավելացնելու շատ բան չկա: Այս օրերին ապագայի սկիզբ է դրվում, երբ որ Ղարաբաղի պաշտոնյաները շուտ, թե ուշ շփվելու, հարաբերվելու առիթներ կունենան ոչ միայն լրագրողների, այլեւ քաղաքական գործիչների հետ: Այստեղ բավականին զուսպ եւ հանգիստ քաղաքական երկխոսությունն ու բանավեճը շատ ավելի արդյունավետ կարող է լինել»,- ասել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---