«Օրանժ» ընկերությունը կներդնի հայկական շուկա հեռուստահաղորդակցության ոլորտի բոլոր նորարարությունները

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆրանս Տելեկոմ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարին, փոխնախագահ Օլաֆ Սուանտիին, «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութային եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին:



Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է «Օրանժ Արմենիա» երրորդ բջջային օպերատորի գործունեությունը: «Օրանժը» ֆրանսիական «Ֆրանս Տելեկոմ» ընկերության ապրանքանիշն է եւ մեր երկրում մատուցելու է բջջային կապի ու ինտերնետի ծառայություններ:



Ողջունելով «Ֆրանս Տելեկոմի» պատվիրակությանը Հայաստանում` Նախագահ Սարգսյանն ասել է. «Մեկ տարուց էլ պակաս ժամանակ է անցել, երբ Ձեզ հետ միասին քննարկում էինք «Օրանժի» մուտքը Հայաստան: Ուրախ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ իրականացնել ծրագրի, այսպես ասենք, մեկ փուլը: Մենք խորապես շահագրգռված ենք հեղինակավոր միջազգային բրենդների, կազմակերպությունների մուտքով Հայաստան, եւ վստահ եմ, որ «Օրանժի» գործունեությունը մեր երկրում դրականորեն է ազդելու ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի, այլեւ ընդհանրապես բիզնես մթնոլորտի վրա»: Երկրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել` այսուհետ եւս օժանդակելու, որպեսզի «Օրանժ Արմենիան» կարողանա մատչելի եւ բարձրակարգ ծառայություններ մատուցել մեր ժողովրդին:



«Ֆրանս Տելեկոմ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարն ասել է, որ այս օրը բացառիկ է «Օրանժի» համար: «Կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց իրականացնել այն ամենն, ինչի շուրջ Ձեզ հետ պայմանավորվածություն էինք ձեռք բերել հունվար ամսին: Այսօր շարժական բջջային կապի ցանցի հիմնարկեքն է, բացումը. մի բան, որն առանց Ձեր օժանդակության եւ օգնության չէր կայանա»,- ընդգծել է նա եւ հավելել. «Բացի բջջային հեռախոսացանցի, սա նաեւ ինտերնետային ցանց է: Մեր նպատակն է ցանկացած նորամուծություն, նորարարություն բերել Հայաստան»:



Կողմերը համակարծիք են եղել, որ սա երկուստեք շահեկան գործ է. թե «Օրանժի» համար որպես բիզնես, եւ թե Հայաստանի տնտեսության համար: «Մեր ցանկությունն է, որ ընկերությունն ավելի մատչելի եւ որակյալ ծառայություններ մատուցի»,- շեշտել է երկրի ղեկավարը:



Նշելով, որ միանգամայն բավարարված է «Օրանժ Արմենիա» ընկերության հայաստանյան թիմի աշխատանքից` «Ֆրանս Տելեկոմի» ղեկավարը ներկայացրել է իրենց մրցակցային առավելություններն, այն նորարական լուծումները, որոնք առաջարկում են եւ խոսել է «Օրանժի» առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---