Իրանի հայ համայնքը հայ-թուրքական Արձանագրությունների դեմ բողոքի ցույց անցկացրեց

PanARMENIAN.Net -
Հունվարի 8-ին Իրանի «Արարատ» միության դահլիճում Հայ Դատի «Արձագանք-Նոր Ջուղա» քարոզչական խմբի նախաձեռնությամբ հայ-թուրքական Արձանագրությունների դեմ բողոքի ցույց կազմակերպվեց: Միջոցառմանը ներկա էին ՀԱԵ Սպահանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բաբկեն Չարյանը, Հայ Դատի տարածաշրջանային հանձնաժողովի անդամներ, ազգային մարմինների ու միությունների ներկայացուցիչներ, հայկական դպրոցների ուսուցիչներ, տեսչական եւ ծնողական խորհուրդների անդամներ, հաղորդում է Իրանում գործող հայկական «Ալիք» թերթը:



Ելույթ ունեցողները դատապարտեցին Արձանագրությունները եւ Հայաստանի Սահմանադրական դատարանին կոչ արեցին մերժել այդ փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը եւ սպառնում են հայ ժողովրդի անվտանգությանը:



Միջոցառման ընթացքում նաեւ Արձանագրությունների դեմ Հայաստանում եւ Սփյուռքում հայության ջանքերով անցկացված բողոքի ցույցերի մասին պատմող տեսանյութ ցուցադրվեց:



Այդ ենթատեքստում «Ռուբեն» երիտասարդական միությունը e-mail-քարոզարշավ կազմակերպեց:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---