Ռոբերտ Ֆիսկ. «Իսրայելն այլեւս չի կարող արհամարհել առաջին հոլոքոսթը»

PanARMENIAN.Net -
Հունվարի 27-ին Իսրայելը հարգել է 20-րդ դարի երկրորդ Հոլոքոսթի զոհերի հիշատակը, սակայն հայկական համայնքը չի մասնակցել այդ պաշտոնական արարողությանը, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ Իսրայելը հրաժարվում է պաշտոնապես ճանաչել 1915-1923 թթ. մեկուկես միլիոն Հայերի ցեղասպանությունը: Այս մասին բրիտանական Independent թերթում գրում է Ռոբերտ Ֆիսկը:



«Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական եւ ռազմավարական հարաբերություններն ավելի կարեւոր են կամ եղել են ավելի կարեւոր, քան Ցեղասպանությունը», - գրում է բրիտանացի վերլուծաբանը: Նա մեջբերում է Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Ջորջ Գինտիլյանի խոսքերը. «Միգուցե նրանք չեն ուզում, որ ճանաչվի եւս մեկ Ցեղասպանություն: Այդ մենք չենք կարող բացատրել»: Ինչպես նշել է Գինտիլյանը, երեք տասնամյակ շարունակ իսրայելական հեռուստատեսությունը ոչ մի հաղորդում չի ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այն կարող էր վիրավորել թուրքերին: Սակայն, ինչպես հաղորդում է հայ համայնքի ներկայացուցիչը, անսպասելիորեն անցյալ տարի Իսրայելի պաշտոնյաները պահանջել են ցուցադրել Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութեր, եւ միայն դրանից հետո բոլորը սկսել են խոսել այդ մասին:



Ջորջ Գինտիլյանը իսրայելական հեռուստատեսության եթերով հանդես եկավ Իսրայելի արտաքին գործերի նախարար Դանի Այալոնի եւ խորհրդարանի խոսնակ Քնեսեթ Ռուբեն Ռիվլինի հետ միասին: Դ. Այալոնը այդ ժամանակ վիրավորեց Թուրքիայի դեսպանին, իսկ Ռիվլոնը հայտարարեց, որ Իսրայելն ամեն տարի պետք է հարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:



Հոդվածի հեղինակը գրում է, որ ներկայում իսրայելական լրատվամիջոցները Հայոց ցեղասպանությունն անվանում են «Շոա», այն օգտագործվում է նաեւ հրեաների Հոլոքոսթի մասին խոսելիս: «Իսրայելն ու Թուրքիան նորից լավ բարեկամներ են դարձել: Եվ ի՞նչ: Մենք էլ կթարմացնենք Հայկական հոլոքոսթը հերքելու մեր փո՞րձը», - ավարտում է հոդվածագիրը:



Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:





Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:



Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:



Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը: Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:




Հոլոքոսթը գերմանական նացիստների ու այլ երկրներից կոլաբորացիոնիստների կողմից նացիզմի միլիոնավոր զոհերի համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրենությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին:



Շոան Եվրոպական հրեայության աղետն է` հրեաների կողմից եբրայերենով ու ավելի հազվադեպ` որոշ այլ լեզուներում օգտագործվող տերմին է` հրեական էթնոսի լայնազանգված ոչնչացման` գերմանական նացիստների քաղաքականությունը սահմանելու համար: Իսրայելի Յադ վա-Շեմ Աղետի ու հերոսության Ինստիտուտի չափանիշներով, Շոայի զոհ են համարվում նրանք, ովքեր «բնակվում էին օկուպացված տարածքներում նացիստական վարչակարգի պայմաններում եւ ոչնչացվել/զոհվել են զանգվածային գնդակահարությունների վայրերում, ճամբարներում, գետտոներում, բանտերում, ապաստարաններում, անտառներում, ինչպես նաեւ սպանվել են դիմադրելու փորձ կատարելիս (կազմակերպված կամ ոչ), որպես պարտիզանական շարժման, գաղտնարանի, ապստամբության մասնակից, սահմանի անօրինական հատման կամ փախուստի փորձ կատարելիս նացիստների եւ/կամ նրանց ենթակաների (ներառյալ տեղի բնակչությունը կամ ազգայնական խմբավորումները) ձեռքով»: Բացի դրանից, նրանց մեջ մտնում են նրանք, «ովքեր բռնագրավված տարածքներում են գտնվել եւ սպանվել/զոհվել են Գերմանիայի ու նրա դաշնակիցների զինված ուժերի հետ ուղղակի բախման, ռմբակոծությունների, փախուստի արդյունքում, 1941-1942թթ. էվակուացման ժամանակ»:



1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացությանը, որ Աղետի ժամանակ զոհվածների թիվը կազմում է վեց միլիոն մարդ; այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-ից 6 միլիոն թվերը:



Աուշվից-Բիրկենաու ճամբարային համալիրը նացիստական Գերմանիայի կառուցած մահվան ամենախոշոր ու նշանակալից համալիրն էր: 1940թ. հունիսից 1945թ. հունվարն ընկած ժամանակահատվածում գերմանացիներն այստեղ ավելի քան մեկ միլիոն մարդ, հիմնականում հրեա են ոչնչացրել:



1945թ. հունվարի 27-ին Խորհրդային Բանակի զորքերն ազատագրեցին Աուշվիցը, որը գտնվում է Կրակովից 70 կիլոմետր հեռավորության վրա: Ֆաշիստական ճամբարներում 6 միլիոն հրեա եւ միլիոնավոր այլ ազգությունների մարդիկ են ոչնչացվել: Մազապուրծ եղած պատանդների վկայությամբ, այդ ճամբարներում մարդկանց հանդեպ բարբարոսական «փորձեր» էին կատարվում:



2005 թվականի հունվարին ՄԱԿ անդամ պետությունները ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի հատուկ նստաշրջան անցկացրեցին` նվիրված նացիստական կենտրոնացման ճամբարների ազատման 60-ամյակին: Նստաշրջանում ընդունվեց հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր հայտարարելու մասին բանաձեւը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---