Ջավախքում հոգեւոր սով է

PanARMENIAN.Net -
Ջավախքի հայ բնակչությունն առանցքային ռազմավարական դերակատարություն ունի Հայաստանի հաղորդակցությունների անվտնագության տեսակետից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Աբրամյանը: Ըստ նրա, վրաց իշխանությունների այս կոշտ քաղաքակնությունը միտված է նրան, որ տարածաշրջանի հայերը լքեն իրենց պատմական հողերը կամ ասիմիլացիայի ենթարկվեն: Ինչպես նշել է Էդուարդ Աբրամյանը, իրավիճակը սրվում է նաեւ այն խնդիրների պատճառով, որոնք կապված են Հայ Առաքելական եկեղեցու գործունեության հետ:



«Ջավախքում շուրջ 130 հազար հայ է բնակվում: Այդ տարածաշրջանում ունենք եկեղեցու միայն 5-6 հայ սպասավորներ, որոնք չեն կարող լիարժեք կատարել իրենց պարտավորությունները: Կարելի է ասել, որ ջավախահայերը հոգեւոր սով են զգում»,-ասել է Աբրամյանը: Ըստ նրա, այդ բոլոր խնդիրների լուծման համար հարկավոր է ոչ միայն ՀԱԵ առանձին թեմ հիմնել Ջավախքում, այլ նաեւ փոխել Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը տարածաշրջանի խնդիրների հարցում:





Ջավախք

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---