Ալեքսեյ Մալաշենկո. «Վերին Լարս» ՀԱԿ բացումը կովկասյան հիմնախնդիր է

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացավ «Վերին Լարս» ՀԱԿ բացումը ռուս-վրացա-հայկական շահերի վեկտորում» Երեւան-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջը, որին մասնակցեցին հայ, ռուս եւ վրացի փորձագետներ:

«Վերին Լարս» ՀԱԿ բացումը կարելի է դիտարկել որպես ոչ թե իրադրությունը կոտրելու, այլ ինչ-որ կերպ հարաբերությունները կարգավորելու ձգտում: Եթե դիտարկենք մտադրությունների մասին հռչակագիրը, ապա կարելի է ասել, որ մի «օդանցք է բացվում, որի միջով թթվածինը ներս է թափանցելու»,- քննարկումների ընթացքում ասաց Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտխորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոն: Նա նշեց նաեւ, որ «Վերին Լարս» ՀԱԿ բացումը կովկասյան հիմնախնդիր է:

Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի վարիչ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր հերթին նշեց, որ տվյալ գործընթացով վերականգնվում են երկրների միջեւ հումանիտար հարաբերությունները: Նրա խոսքով, նման ճանապարհով տարածաշրջանում երկրների միջեւ հարաբերությունների վերականգնումը բավական հաճախ է պատահում: Ընդ որում, այդ ենթատեքստում Մարկեդոնովն առանձնահատուկ ուշադրություն հատկացրեց Հայաստանին` ասելով, որ ՀԱԿ փակումը տագնապ առաջացրեց երկրում, քանի որ Երեւանի ու Մոսկվայի միջեւ խզվեցին լոգիստիկ կապերը: Դրա հետ մեկտեղ քաղաքագետը նկատեց, որ դա ուժեղացրեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու միտումը: Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին` Մարկեդոնովն ասաց, որ դրանք այնքան էլ պարզ չեն, քանի որ Ջավախքում բարդ էթնոքաղաքական իրադրություն է տիրում: Եւ այն, որ Երեւանը Մոսկվայի ու Թբիլիսիի բանակցություններում միջնորդ է դարձել, ազդանշան է այն մասին, որ Վրաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունն այդ շրջանում:

Հակամարտությունների կարգավորման հարցերով Վրաստանի պետնախարար, Միավորված ընդդիմության առաջնորդներից Գեորգի Խաինդրավան իր հերթին ասաց, որ միակ երկիրը, որն օգուտ կքաղի ՀԱԿ բացումից, Հայաստանն է: Ընդ որում, նա նկատեց, որ Ռուսաստանը «Վերին Լարսը» բացեց միայն այն բանի համար, որպեսզի սնուցի Գյումրիում գտնվող իր ռազմակայանը: «Երեւանի համար տնտեսական շահի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ ՀԱԿ-ը տարին չորս-հինգ ամիս փակ է»,- նշեց Խաինդրավան:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին ասաց, որ ռուս-վրացական հարաբերություններն այնպիսի վիճակում են, որ ներկայիս քաղաքական ձեւաչափում հարաբերությունների կտրուկ բարելավումն այժմ քիչ հավանական է: «Ես կասեի, որ դա ոչ թե հարաբերությունների բարելավում է, այլ հակամարտության ձեւաչափի փոփոխություն, այսինքն Մոսկվայի ու Թբիլիսիի միջեւ քաղաքական հակամարտությունը մոտավորապես նույն վիճակում է մնում, ինչ նախկինում, իսկ հակամարտության մյուս բաղկացուցիչները` հումանիտար եւ տնտեսական, վերանում կամ մեղմացվում են»,- նշեց Իսկանդարյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---