Բարոնուհի Քիննոք. Ես չեմ ժխտում Հայոց ցեղասպանության փաստը

PanARMENIAN.Net - «Ես չեմ ժխտում Հայոց ցեղասպանության փաստը, սակայն թագուհու կառավարությունը ճիշտ չի համարում ապրիլի 24-ին իր ներկայացուցչին Քարդիֆում գտնվող Հայոց ցեղասպանության համալիր ուղարկելը, որովհետեւ դա կնշանակի ողբերգության անուղղակի ճանաչում»,- Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում «1915-1917թթ. իրադարձությունները Հայաստանում» լսումների ժամանակ հայտարարել է կառավարության ներկայացուցիչ բարոնուհի Քիննոքը: Նրա խոսքերով, բրիտանական կառավարությունը խորապես ցավում է հարյուր հազարավոր հայերի մահվան համար, որոնք դարասկզբին սպանվել են Օսմանյան կայսրությունում կամ մահացել են սովից եւ հիվանդություններից: «Մենք կարծում ենք, որ այդպիսի տանջանքների զոհերին պետք չէ մոռանալ»,- ասել է նա:



Բարոնուհին հիշեցրեց, որ էթնիկ հայերի եւ բոլոր քրիստոնյա փոքրամասնությունների ճակատագիրը, այդ թվում ասորիների, քննարկվել է 1915-ի հոկտեմբերի 21-ի կառավարության նիստի ժամանակ: Նա կրկնեց լորդ Ռոբերտ Սեսսիլի խոսքերն այն մասին, որ համաշխարհային պատմության մեջ ավելի սարսափելի հանցագործություն չի եղել: «Այդ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Ավելին, դա նպատակաուղղված քաղաքականության մաս է...Թուրքիայում հայերին ոչնչացնելու համար: Այն իրականացվել է համակարգված ձեւով: Այս հանցագործությունը կանխամտածված էր եւ նպատակ ուներ ոչ թե ճնշել հայերի ենթադրյալ ապստամբությունը կայսրության դեմ, այլ ոչնչացնել ազգությունը»,- 1915թ. ասել է լորդ Սեսսիլը:
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---