Վլադիմիր Ժիրինովսկի. Հայոց ցեղասպանությունն մարդկության պատմության ամենասարսափելի ու նենգ ոճրագործությունն է

Վլադիմիր Ժիրինովսկի. Հայոց ցեղասպանությունն մարդկության պատմության ամենասարսափելի ու նենգ ոճրագործությունն է

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Մոսկվայի “Կրասնոպրեսնենսկայա զաստավա” հրապարակում տեղի է ունեցել “Հայոց ցեղասպանությունն ոճրագործություն է մարդկության դեմ” խորագրով հանրահավաքը: Նրա կազմակերպիչներն են “Ռուս-հայկական համագործակցությունը” և “Ռուսաստանի հայերի միությունը”: Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին Թուրքիայից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հանրահավաքին մասնկցել է շուրջ 3000 մարդ: Մասնակիցների հետ իրենց համերաշխությունն էին եկել հայտնելու ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, պատգամավորներ Մաքսիմ Միշչենկոն (“Միասնական Ռուսաստսան”), Կիռա Լուկյանովան (“Արդար Ռուսաստան), ազգային համայնքների, երիտասարդական շարժումների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Հանրահավաքը սկսվեց լռութայն րոպեով:

Միջոցառումը բացեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա կոչ է արել բոլոր ներկաներին համախմբել ջանքերը` հասնելու համար պատմական արդարության: “Դա ոչ միայն հայերի խնդիրն է: Դա համամարդկային խնդիր է: Ցեղասպանության ճանաչումը հարկավոր է միայն նրա համար, որ նման ողբերգություն այլևս երբեք չկրկնվի”:

“Ռուս-հայկական համագործակցության” նախագահ Յուրի Նավոյանն իր ելությում ընդգծել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև իրապես անկեղծ ու բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և հայ ժողովրդի իրավունքների վերականգնումից հետո: Նա նշեց միասնականության անհրաժեշտությունը. “Միայն հանդես գալով որպես միասնական մարմին, Հայաստանն, Արցախն ու Սփյուռքը կկարողանան դառնալ կազմակերպված ուժ և դրսևորել իր մեծ ներուժը և ցույց տալ, որ հայությունը թույլ չի տա ոտնահարել իր արդար իրավունքները”:

“XX դարի ժանտախտ, որ հարկավոր է արմատախիլ անել” անվանեց ցեղասպանությունը “Արդար Ռուսաստան: խմբակցությունից Պետդումայի պատգամավոր Կիրա Լուկյանովան: “Այս օրն անհնար է մոռանալ: Եվ ռուս ժողովուրդը սգում է ձեր հետ միասին այդ սարսափելի ողբերգության զոհերի համար”: “Եթե Եվրոպան ճանաչել է Հոլոքոսթը, ապա Թուրքիան նույնը պետք է անի հայ ժողովրդի հանդեպ”,-ասել է “Ռուսաստանի երիտասարդ սոցիալիստների” առաջնորդ Դմիտրի Գուդկովը:

“Հայոց ցեղասպանությունն մարդկության պատմության ամենասարսափելի ու նենգ ոճրագործությունն է”,-ասաց Վլադիմիր Ժիրինովսկին: “Ես կցանկանայի, որ այդ սարսափելի ողբերգության 100-ամյակին հայերի ձայնը հնչի ողջ աշխարհով մեկ և բոլոր խորհրդարանները ճանաչեն Ցեղասպանության փաստը”:

“Միասնական Ռուսաստանից” Պետդումայի պատգամավոր, “Երիտասարդ Ռուսաստան” շարժման առաջնորդ Մաքսիմ Միշչենկոն կատարվածն անվանեց “խորը պատմական անարդարություն” և ընդգծեց, որ իր համար Հայաստանն ու Արարատը անբաժանելի հասկացություններ են:

Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումի խորհրդի ներկայացուցիչ, “Արարատ” ընկերության նախագահ Էմանուիլ Դոլբակյանը հայտարարեց, որ հարկավոր է նպատակաուղղված, մտածված աշխատանք տանել` իրազեկելու համար թուրք հանրությանը իրենց արյունալի պատմության էջերի մասին: Հիշեցնելով, որ Պետդումայի 1995թ. ապրիլի 14-ի հայտարարությունը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և դիտարկում է ապրիլի 24-ը որպես զոհերի հիշատակի օր, նա առաջարկեց, որ ՌԴ նախագահն ամեն տարի ուղերձով դիմի իր հայ քաղաքացիներին: “Դա միայն կբարձրացնի ՌԴ բարոյական հեղինակությունը համաշխարհային հանրության աչքերում”:

Իր եզրափակիչ խոսքում հանրահավաքը վարող գենարալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարեց.”Մենք հարգում ենք անմեղ զոհերի հիշատակը և միևնույն ժամանակ դիմում ենք այն պետությունների ղեկավարներին, որոնք մինչ օրս չեն արել դա` դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի”:

Հանրահավաքում ծածանվում էին Ռուսաստանի, Հայաստանի, ԼՂՀ-ի, այն կուսակցությունների ու կազմակերպությունների դրոշները, որոնք մասնակցեցին հանրահավաքին: Բարձրացվել էին նաև այն պետությունների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հանրահավաքը տևել է մոտ 1,5 ժամ, PanARMENIAN.Net ին են հայտնել “Ռուս-հայկական համագործակցությունից”:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---