ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդ. Աշխարհը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը

ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդ. Աշխարհը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նախաձեռնելու կոչով դիմել է Սփյուռքի հայկական կազմակերպություններին: Հայկական երեք ավանադական կուսակցություններին ու Սփյուռքի լոբբիստական կառույցներին հղված ուղերձում, մասնավորապես, ասվում է. “2009 թվականի ապրիլից, երբ հայ-թուրքական երկխոսությունը տեղափոխվեց հանրային հարթակ, մենք հայտնվեցինք նոր մարտահրավերների դեմ հանդիման: Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացը, հանրահայտ երկու արձանագրությունների ստորագրումը առիթ դարձան ներհայկական բուռն բանավեճերի: Սեփական խորհրդարանում արձանագրությունների վավերացումը հայերի կողմից Ադրբեջանի օգտին տարածքային զիջումների հետ կապելու` Թուրքիայի շարունակական փորձերը հավելյալ լարվածություն են հաղորդել կովկասյան տարածաշրջանին: Արևմտյան հանրությունը, Սփյուռքի հայկական կազմակերպությունների աջակցությամբ, ակտիվացրել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը` որպես ներազդելու միջոց թուրքական ղեկավարության վրա, որը հրաժարվում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացում ստանձնած պարտավորությունների կատարումից:

Ի պատասխան այդ ներազդման` Թուրքիայի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հայտարարեցին տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման սպառնալիքի մասին: Նկատի ունենալով Թուրքիայի մերձավորագույն դաշնակից Ադրբեջանի ռազմատենչ ծրագրերը` կարելի է չկասկածել, թե հատկապես որտեղից և ինչ ուղղությամբ կարող է սկսվել այդ ապակայունացումը: Դրա հետ կապված` հրատապ է դարձել ԼՂՀ անվտանգության ամրակայման, այսինքն` նոր ցեղասպանության վտանգի կրկնման բացառման խնդիրը, այս անգամ արդեն Արևելյան Հայաստանում:

ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը գտնում է, որ մեր ժողովրդի համար այնպիսի կարևոր խնդրի լուծման հետ միասին, ինչպիսին Ցեղասպանության ճանաչումն է, սփյուռքահայ կազմակերպություններին հարկ է քննարկել նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը որպես իրենց գործունեության հավասարազոր առաջնահերթ ուղղություն”:

Ըստ ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի, վերջին ժամանակներս Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման նախադեպերն ապացույցն են այն բանի, որ ճանաչումը հանդիսանում է հակամարտային գոտիներում անվտանգության ամրապնդման և կայունության ապահովման իրական լծակ, ինչը, ամեն ինչից զատ, մեծ ջանքեր ու ծախսեր չի պահանջում:

Հանրային խորհրդի անդամ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը նշեց. “Արտերկրի մեր հայրենակիցները մեծ փորձ ունեն, որ տասնամյակների ընթացքում ձեռք են բերել Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեությունում: Եկել է ժամանակը այդ փորձն օգտագործելու Արցախում հայոց հաղթանակների միջազգային-իրավական ամրապնդման համար”:

Հանրային խորհրդի կարծիքով` տարբեր երկրների անգամ տեղաշրջանային մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախի ճանաչումը կոգևորի ու կզորակցի արցախցիներին, առավելս տոկունություն կհաղորդի նրանց և բարոյական ու ինստիտուցիոնալ լուրջ աջակցություն կհանդիսանա, հաղորդում է ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի մամլո ծառայությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---