Մայիսի 23-ին Արցախում նշվում է Լրագրողի օրը

Մայիսի 23-ին Արցախում նշվում է Լրագրողի օրը

PanARMENIAN.Net - Այսուհետ Արցախում մայիսի 23-ը կնշվի որպես լրագրողի օր: Դա մեկ անգամ ևս վկայում է լրագրողի կարևոր ու դժվարին աշխատանքի հանդեպ մեր հասարակության և իշխանությունների պատշաճ վերաբերմունքի մասին: Այդ մասին ասվում է Լրագրողի օրվան նվիրված Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքում:

«Դուք միշտ եղել եք հարազատ ժողովրդի հույզերի ու նկրտումների արտահայտիչը: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից ձեզնից շատերը լծվեցին հայենիքի պաշտպանության գործին, ոմանք նահատակվեցին այդ պայքարում: Հավերժ հիշատակ նրանց: Մեր ժողովուրդն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին և հաստատակամորեն կառուցում է մի պետություն, որտեղ գերակա են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Իսկ խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, որն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությունում: Այդ իսկ պատճառով մեր իրականության մեջ ավելի է արժևորվում լրագրողի դերը»,- ասել է Բակո Սահակյանը:

«Թանկագին լրագրողներ, դուք յուրօրինակ կամուրջ եք հանդիսանում հասարակության ու իշխանությունների միջև: Եվ ուզում եմ վստահ լինել, որ բոլորդ քաջ գիտակցում եք այդ առաքելության ողջ պատասխանատվությունը ու պատվով կկատարեք այն` միշտ հավատարիմ մնալով բարոյականության սկզբունքներին, ունենալով քաղաքացիական բարձր կեցվածք ու մասնագիտական պատրաստվածություն: Անաչառ ու կառուցողական մոտեցումը, սրտացավ վերաբերմունքը հայրենի երկրի ու ժողովրդի հանդեպ, թերացումները վերացնելու և դրականը զարգացնելու ձգտումը պետք է առաջնային լինեն յուրաքանչյուրիդ համար»,- ընդգծել է Արցախի Հանրապետության նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---