Պրոֆեսոր Հոբեր. Հայոց ցեղասպանության հարցը կարող է ներկայացվել միջազգային դատական կառույցներ

Պրոֆեսոր Հոբեր. Հայոց ցեղասպանության հարցը կարող է ներկայացվել միջազգային դատական կառույցներ

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Ստոկհոլմում կայացել է Միջազգային իրավունքի ասոցիացիայի շվեդական մասնաճյուղի կազմակերպած սեմինարը ”Ցեղասպանություն Օսմանյան կայսրությունում 1915 թվականին. կենդանի պատմություն, իրավական խնդիրներ, վաղեմության իրավունք եւ պատասխանատվություն” խորագրով:

Սեմինարը նախագահել է Միջազգային իրավունքի փորձագետ եւ Շվեդիայի Միջազգային իրավունքի ասոցիացիայի նախագահ Օվե Բրինգը: Միջոցառմկանը մասնակցել է եւ ելույթով հանդես եկել Շվեդիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, Դունդեի համալսարանի Միջազգային իրավունքի պրոֆեսոր Կաջ Հոբերը եւ պատմաբան ու Armenica.org կայքի գլխավոր խմբագիր Վահագն Ավետյանը, ինչպես նաեւ` շուրջ 50 մասնակիցներ, ներառյալ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներ, Շվեդիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի անդամներ, գիտնականներ, ինչպես նաեւ` հայկական, թուրքական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներ:

Դեսպան Այվազյանը, ներկայացնելով Ցեղասպանության պատմությունը, անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ ցյուրիխյան արձանագրություններին, դրանց վավերացման կասեցման պատճառներին:

Պրոֆեսոր Հոբերը հակիրճ ներկայացրել է միջազգային իրավունքում վաղեմության վերաբերյալ իր ուսումնասիրությունները: Բացատրելով, որ շատ բարդ կլինի կանխատեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսական նախադեպի հավանականությունը կամ արդյունքը` պրոֆեսորը մատնանշել է, որ ելնելով իրադարձությունների բնույթից, այդ հարցը կարող է հետագա քննության համար ներկայացվել միջազգային դատական կառույցներ, օրինակ` Միջազգային քրեական դատարան:

Վահագն Ավետյանը ելույթը նվիրված է եղել պետական ինքնությանը, իրավահաջորդությանը եւ պատասխանատվությանը: Նրա ներկայացմամբ կան խելամիտ հիմքեր Թուրքիայի Հանրապետության ժխտողական քաղաքականությունը տանելու դեպի հավանական լիբերալ պատասխանատվության, որով նախատեսվում է նաեւ Ցեղասպանության պաշտոնական ճանաչում Թուրքիայի կողմից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---