Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Բուխարեստի քաղաքապետ Սորին Օպրեսկուի հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելել է Բուխարեստի քաղաքապետարան, որտեղ նրան ընդունել է քաղաքապետ Սորին Օպրեսկուն: Հանդիպումն անցել է ջերմ եւ գործնական մթնոլորտում:

Ծավալված զրույցի ընթացքում, որին մասնակցում էր նաև Ռումինիայի ԱԺ փոքրամասնությունների խմբի նախագահ, Ռումինահայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, երկուստեք նշվել է, որ ինչպես Բուխարեստում, այնպես էլ Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում հայոց դարավոր ներկայությունը, նրանց մատուցած արժեքավոր ծառայությունները ռումին պետությանը և ժողովրդին, համատեղ ապրելու փորձը, միմյանց ճանաչողությունը և փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում այսօր առավել սերտացնելու հայ-ռումինական բարեկամությունը և համագործակցությունը բոլոր ոլորտներում: Բուխարեստի կենտրոնում գտնվող Հայոց եկեղեցին, Հայկական փողոցը, Զամբաքչյան թանգարանը, պատմական արժեք ներկայացնող Հանուլ Մանուկ հայտնի իջևանատեղին և այլ վայրեր ճանաչված են ու դարձել են քաղաքի այցեքարտեր:

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ռումինիայի մայրաքաղաքների միջև ուղիղ կապեր հաստատելու ու զանազան ծրագրերի շուրջ համագործակցություն ծավալելու հնարավորության մասին: ՀՀ դեսպանը, պրն. Օպրեսկուին փոխանցելով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ողջույնը և Հայաստանի մայրաքաղաք այցելելու հրավերը, հայտնել է, որ Երևանը պատրաստ է Բուխարեստի հետ քննարկել եղբայրական կապերի հաստատման հարցը, ինչը հավանությամբ է ընդունել Սորին Օպրեսկուն:

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում շարունակել խորհրդակցությունները Հայաստանի հետ կապերի խորացման, ինչպես նաև զույգ մայրաքաղաքներում առանձին ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---