Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկեցին մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման գործընթացը

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Բրատիսլավա, ուր մասնակցեց Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) հանդիպմանը: Այնուհետև Բրատիսլավայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր սլովակ գործընկեր Միկլոշ Ձյուրինդայի հետ:

Բանակցությունների օրակարգում էին երկկողմ հարաբերությունների առնչվող հարցերի լայն շրջանակ՝ բարձրաստիճան այցերի կազմակերպում, միջխորհրդարանական կապերի զարգացում, իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, մշակութային փոխանակումների ակտիվացում, էներգետիկայի, կրթության, տուրիզմի բնագավառներում համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Սլովակիայի նախագահին ուղղված՝ ՀՀ նախագահի՝ Հայաստան այցելելու հրավերը: Նախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Միկլոշ Ձյուրինդան տեղեկացրեց, որ շուտով Սլովակիան մուտքի արտոնագրեր կտրամադրի Երևանում Լեհաստանի դեսպանության միջոցով: Այս ենթատեքստում նաև քննարկվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը: Բրատիսլավայում Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ էր: Նախարարները գոհունակություն հայտնեցին 2010 թ. երկկողմ հարաբերություններում արձանագրված ակտիվության առնչությամբ՝ ընդգծելով դրական դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Չեխիայի ԱԳ նախարարը բարձր գնահատեց անցյալ տարի Հայաստանի կողմից Պրահայում դեսպանության հիմնումը՝ նշելով, որ դա լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացումը խթանելու համար: Նախարար Շվարցենբերգը տեղեկացրեց, որ մինչ Հայաստանում դեսպանության բացումը Չեխիան շուտով դիվանագետ կգործուղի Երևանում գործող եվրոպական երկրներից մեկի դեսպանություն:

Նախարարները համաձայնություն ձեռք բերեցին ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման վերաբերյալ, քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը մտքեր փոխանակեցին Հայաստան- Եվրոպական Միություն հարաբերությունների, ասոցիացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանն առնչվող հարցերի շուրջ: Երեկոյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ուղևորվեց Երևան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---