Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում

Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում

PanARMENIAN.Net - «Մենք վերջին ժամակներս ցավով մի շարք միջադեպեր արձանագրեցինք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում, ինչը զոհերի հանգեցրեց»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` Ֆրանսիան դատապարտում է ուժի կիրառումն ու կողմերին կոչ անում առավելագույնս զուսպ լինել:

«Միայն բանակցությունները կարող են հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հավասարակշռված քաղաքական լուծմանը: Հակամարտության ռազմական լուծումը բացառվում է: Ֆրանսիան Մինսկի խմբի մյուս համանախագահներ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին կրկին հաստատում է իր վճռականությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ջանքերին սատարելու գործում` այն սկզբունքների համաձայն, որոնք Սարկոզիի, Օբամայի ու Մեդվեդևի կողմից 2010 թվականին հնչեցվեցին Մուսկոկում և 2009-ին` Ակվիլայում` միջազգային իրավունքի նորմերի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին ՄԱԿ խարտիայի և Հելսինկյան ամփոփիչ արձանագրության, մարդու հավասար իրավունքների, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը նախանձելի համառությամբ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Գրեթե ամեն օր ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական դիրքերի գնդակոծություններ են արձանագրվում, ընդ որում` վերջին ժամանակներս ադրբեջանցիները սկսել են իրենց սադրանքների համար խոշոր տրամաչափի զենք կիրառել:

Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ և հետո սադրանքներն արդեն ավանդույթ են դարձել: Մարտի 5-ին Սոչիում ծրագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպումից բառացիորեն մի քանի ժամ առաջ ադրբեջանական զորքը կրակ բացեց Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա: Հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվեց ժամկետային զինծառայող` 1991 թվականի ծնված Գրիգոր Շախկյանը:

Ադրբեջանի սադրանքի ամենախոշոր դեպքը դարձավ հունիսի 18-ի միջադեպը` Սանկտ-Պետերբուրգում երեք նախագահների հանդիպումից անմիջապես հետո: Ժամը 23:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները, հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը: Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզա-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանական ջոկատայինները կրելով կորուստներ դիմել են փախուստի: Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը` չորս զոհ և չորս վիրավոր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---