Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական կապերի զարգացման համար բավարար ներուժ և անհրաժեշտ նախադրյալներ կան

Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական կապերի զարգացման համար բավարար ներուժ և անհրաժեշտ նախադրյալներ կան

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Լատվիայի վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ: Նախագահ Սարգսյանը և վարչապետ Դոբրովսկին քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները` ընդգծելով, որ դրա համար բավարար ներուժ և անհրաժեշտ նախադրյալներ կան, որոնք պետք է լիարժեքորեն օգտագործել: Հեռանկարային է համարվել զբոսաշրջության, մետալուրգիական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը: Զրուցակիցները կարևորել են հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը ևս:

Նախագահ Սարգսյանը և վարչապետ Դոբրովսկին խոսել են նաև տարբեր մակարդակներով հաճախակի փոխայցելությունների, ակտիվ շփումների, երկու երկրների գործարարների միջև կապերի ամրապնդման մասին, ինչին, զրուցակիցների համոզմամբ, լավագույնս ծառայում են գործարար համաժողովները: Այդ համատեքստում կարևորվել է Երևան-Ռիգա կանոնավոր չվերթի իրականացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում այցելել է նաև հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է` որքան հզոր լինի Սփյուռքը, այնքան հզոր է լինելու Հայաստանը և որքան հզոր լինի Հայաստանը, այնքան հզոր է լինելու Սփյուռքը: Հանրապետության ղեկավարը ուրախությամբ է նշել, որ հայ համայնքի ներկայացուցիչները, լինելով լատվիական հասարակության մի մաս, չեն մոռացել իրենց Հայրենիքը, իրենց մայրենի լեզուն, կրոնը:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլին:

Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը վերադարձել է Երևան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---