Արամ Ա-ն կարեւորում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ ստեղծված հանձնաժողովի գործունեությունը

Արամ Ա-ն կարեւորում է  Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ ստեղծված հանձնաժողովի գործունեությունը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ Բեյրութում անցկացվել են մի շարք միջոցառումներ` ոգեկոչման եւ հոգեհանգստի արարողություններ, դասախոսություններ, հսկման, ասմունքի եւ դասական երաժշտության երեկոներ, ցուցահանդեսներ, ուսանողական երեկույթներ, հայկական եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ:

Ապրիլի 23-ին Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում կազմակերպվել էր «Հսկման երեկո»: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, “Վանա ձայն” ռադիոկայանի տնօրեն Ավետիս Կիտանյանը, “Արարատ” թերթի ներկայացուցիչ Ալեքսան Քյոշքարյանը եւ Telelumiere քրիստոնեական հեռուստակայանի լրագրող Լոռա Նաանուն : Երաժշտական համարներով հանդես եկան հայկական կրթօջախների սաները:

Դեսպան Քոչարյանը նշեց, որ 96 տարի առաջ Օսմանյան կայսրությունում կազմակերպված ոճրագործությունն իր հրեշավորությամբ եւ անմարդկային դաժանությամբ նախադեպը չուներ համաշխարհային պատմության մեջ: Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ցեղասպանության դատապարտման, կանխարգելման գործում:

Ապրիլի 24-ին` ուշ երեկոյան Անթիլիասի մայրավանքի մատուռի մոտ մատուցված հոգեհանգստի արարողությունից հետո, ՀՀ դեսպանության անձկակազմի ուղեկցությամբ դեսպանը ծաղկեպսակ զետեղեց մատուռի առջեւ: Այնուհետեւ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որի ընթացքում ելույթ ունեցան ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչները, դեսպան Աշոտ Քոչարյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն:

Ելույթ ունեցողներն անդրադարձան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությանը եւ պատմական արդարության վերականգնման խնդիրներին : Դեսպան Քոչարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենադաժան եւ ողբերգական էջն է, որի հետեւանքով հայ ժողովուրդը կորցրեց իր պատմական հայրենիքը, 1,5 միլիոն մարդկային կյանք եւ հազարամյակների ընթացքում ստեղծված հոգեւոր եւ նյութական հսկայական ժառանգություն: Այդ ծանրագույն հանցագործությունն ուղղված էր ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ: Նա ընդգծեց, որ ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները շատ կարճ ժամանակահատվածում Լիբանանում իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ ստեղծեցին մի ծաղկուն հայկական գաղթօջախ բազմաբնույթ կառույցներով, կարողացան պահպանել հարուստ ազգային մշակույթն ու արժեքները եւ լինելով լիիրավ քաղաքացիներ` իրենց աշխատասիրության եւ տաղանդի շնորհիվ շարունակեցին իրենց ստեղծագործական կյանքը եւ աճեցրեցին հայախոս ու հայրենասեր նոր սերունդներ: Շնորհակալություն հայտնվեց Լիբանանին, մասնավորապես նրա խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն կարեւորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող` ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված պետական հանձնաժողովի ապագա գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Ելույթ ունեցողները միակարծիք էին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Հատուկ ընդգծվեց Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնականության անհրաժեշտությունը արդի աշխարհի բոլոր մարտահրավերների հաղթահարման եւ հայոց պետականության հզորացման ենթատեքստում:

Ապրիլի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը բացվեց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյան: ՀՀ դեսպանություն այցելեցին եւ հուշամատյանում իրենց գրառումները թողեցին բազմաթիվ խորհրդարանականներ, նախարարներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, տարբեր երկրներից դիվանագետներ: Ցուցադրվեցին ժապավեններ Հայոց ցեղասպանության մասին: Այցելուներին ներկայացվեց հայ գրականությունը, տեղի ունեցավ նկարների ցուցահանդես:

Նույն օրը ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակ դրվեց Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողին:

Այնուհետեւ Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ պոեզիայի, պատմվածքների եւ երաժշտության երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Հնչեցին Սիամանթոյի, Գեւորգ Էմինի, Հովհաննես Թումանյանի եւ Ղեւոնդ Ալիշանի բանաստեղծությունները: Հայաստանից ժամանած Աննա Մաիլյանի ղեկավարած էթնո վոկալ տրիոն կատարեց Կոմիտասի եւ Մխիթար Այրիվանեցու ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում ՀՀ դեսպանը հավաքվածների ուշադրությանը ներկայացրեց պատմական փաստեր եւ վկայություններ Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ նշեց, որ համայն աշխարհի հայերն այս օրերին ոգեկոչում են ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Միջոցառմանը մասնացեցին նաեւ պաշտոնյաներ, օտարերկյա դիվանագետներ, միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների մասնագետներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---