Բուենոս Այրեսի «Ոսկեզօծ դահլիճում» կայացավ երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Բուենոս Այրեսի խորհրդարանի «Ոսկեզօծ դահլիճում» Արգենտինայի համայնքային կառույցների եւ ՀՀ դեսպանության համատեղ նախաձեռնությամբ կայացավ հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին:

Միջոցառման հիմնական բանախոսներն էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Ազգային կոնգրեսի պատգամավոր, «Արմատական քաղացիական միության» նախագահ Ռիկարդո Ալֆոնսինը, Բուենոս Այրեսի կառավարության աշխատակազմի ղեկավար Հորասիո Լառռետան, մայրաքաղաքի խորհրդարանի պատգամավոր Ռաուլ Պույը:

Հանդիսավոր երեկոյին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, Լատինական Ամերիկայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը, Արգենտինայի օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքի քաղաքական-հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների, արգենտինահայ համայնքային կառույցների երեք հարյուրից ավելի անդամներ, բազմաթիվ լրագրողներ:

Ելույթ ունեցողները նշեցին, որ «հակառակ օսմանյան իշխանությունների կողմից հայ ազգի բնաջնջման փորձերին` հայերն այսօր թե Հայաստանում եւ թե Սփյուռքում, ապացուցեցին իրենց ապրելու ու արարելու իրավունքը»: Նրանք կոչ արեցին Թուրքիայի կառավարությանը հաշտվել սեփական անցյալի հետ, ընդունել եւ դատապարտել 96 տարի առաջ հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունը:

Նախօրեին` ապրիլի 24-ին, Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կայացած Սուրբ Զատիկի պատարագից հետո Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, արգենտինահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները ծաղկեպսակ զետեղեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

Ապրիլի 24-ի երեկոյան պետական “Encuentro” /Հանդիպում/ հեռուստաալիքով ցուցադրվեց Էնդրյու Գոլդբերգի “Հայոց ցեղասպանություն” փաստավավերագրական կինոնկարը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---