Վրաստանում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Վրաստանում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացվեցին: Թբիլիսիի Սբ. Գևորգ մայր եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց Ս.Հարության պատարագ, որին ներկա էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Պատարագից հետո կայացավ երթ դեպի Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջևանքի պանթեոն` վիրահայ համայնքի ներկայացուցիչների և դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի:

Վրաստանում ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակ դրվեց հայ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին: Այնուհետև մատուցվեց սգո պատարագ: Պատարագին հաջորդած հանրահավաքում ելույթ ունեցավ դեսպան Հովհաննես Մանուկյանը: «Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործություն է: XX դարի առաջին ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես տուրք անմեղ զոհերի հիշատակին, այլև հետագա ցեղասպանությունները կանխարգելելու միջոց: Ցեղասպանության ճանաչումը ռևերանս չէ Հայաստանի, ոչ էլ` թշնամական քայլ Թուրքիայի նկատմամբ: Դա արդարության և արդարադատության պատասխանն է ոճրագործներին»,- նշեց նա:

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն ավարտվեցին Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանության մոտ Վրաստանի հայ երիտասարդական կազմակերպությունների և Վիրահայ համայնքի ներկայացուցիչների հավաքով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---