ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար

ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից մոտ 600,000 դոլար կաշառք ստանալու համար։ Այդ մասին ասվում է Տեխասի դաշնային դատարանի մեղադրական եզրակացության մեջ։

Դրանում նշվում է, որ նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը՝ Իմելդա Կուելարը։ Դատարանի մեղադրական եզրակացության համաձայն՝ ամերիկացի օրենսդիրը գումարները ստացել է 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմբեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունից, որը փոխանցումն իրականացրել է մեքսիկական բանկի միջոցով, հայտնում է «Ազատությունը»։

«Ադրբեջանական նավթագազային ընկերության վճարած գումարների դիմաց կոնգրեսական Կուելյարը, ենթադրաբար, համաձայնել է օգտագործել իր պաշտոնը հօգուտ Ադրբեջանի ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա ազդելու համար», - հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Կոնգրեսականին և նրա կնոջը մասնավորապես մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու դիմաց դավադրության, օտարերկրյա գործակալի դերում պետական պաշտոնյաների արգելքը խախտելու, փողերի լվացման հոդվածներով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում քաղաքական գործչին ու կնոջը սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:

Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ զույգը մայիսի 3–ին առաջին անգամ ներկայացել է դատարան, որոշում է կայացվել 100,000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել նրանց։ Կոնգրեսականը հայտարարությամբ պնդել է՝ անմեղ է թե՛ ինքը, թե՛ իր կինը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---