Օլիմպիական խաղերում ինձ համար մեծ հաջողություն կլինի եզրափակիչ դուրս գալը

Արթուր Դավթյան.

Օլիմպիական խաղերում ինձ համար մեծ հաջողություն կլինի եզրափակիչ դուրս գալը

PanARMENIAN.Net - Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն անկախ Հայաստանի Հանրապետության երկրորդ մարմնամարզիկն է, ով կմասնակցի օլիմպիական խաղերին: Արթուրը PanARMENIAN.Net-ին պատմել է մարմնամարզության առանձնահատկության մասին, թե ինչու են ընտանիքով Ռուսաստանից վերադարձել Հայաստան, որ գործիքի վրա այդքան ուժեղ չէ և ինչ գիտի Լոնդոնի մասին:
Դու Օլիմպիական ուղեգիր նվաճել ես հենց Լոնդոնում: Սա վերջին հնարավորությունդ էր Օլիմպիադային մասնակցելու, ի՞նչ արեցիր, այն ձեռքիցդ բաց չթողնելու համար:
Մինչ այդ` Ճապոնիայում անցկացված 2011 թվականի աշխարհի առաջնությունում ևս ես փորձել էի նվաճել ուղեգիր: Սակայն այնտեղ ամեն ինչ չէ, որ ստացվեց ինձ մոտ: Այդ պատճառով էլ բոլոր ուժերս ներդրեցի Լոնդոնում լավ մասնակցելու համար: Իհարկե, ես նաև հավատում էի, որ կնվաճեմ Օլիմպիական ուղեգիր, դա ևս ինձ օգնեց: Ես 41 երկրների ներկայացուցիչների պայքարում 84,2 միավորով զբաղեցրել եմ 12-րդ տեղը և Լոնդոնում հանդես կգամ հենացատկում:

Դու անկախ Հայաստանի երկրորդ մարմնամարզիկն ես, ով կմասնակցի Օլիմպիադային: Ի՞նչ է զգում մարզիկը, երբ արդեն գիտի, որ Օլիմպիական ուղեգիր ունի:
Աննկարագրելի զգացողություններ են, անսահման ուրախ էի: Նաև հպարտ էի, որ 18-ամյա ընդմիջումից հետո Հայաստանը մարմնամարզությունում ներկայացուցիչ կունենա: Դա նաև մեծ պատասխանատվություն է, և պետք է կարողանամ հուսախաբ չանել հայ երկրպագուներին:

Մարմնամարզությունը շատ բարդ մարզաձև է և չափազանց շատ աշխատասիրություն և համառություն է պահանջում: Որքա՞ն ես օրական սովորաբար անցկացնում մարզադահլիճում:
Օրական մարզադահլիճում լինում եմ մոտավորապես 4 ժամ: Շատ կարևոր է նաև մարզումներից հետո օրը ճիշտ պլանավորել, որպեսզի կարողանաս արագ վերականգնվել և ուժերդ բաշխել: Փորձում եմ լավ հանգստանալ, քնել, որպեսզի հաջորդ օրը կրկին կարողանամ նույն ծանրաբեռնվածությամբ մարզվել: Իհարկե, միայն մարզումները չէ, որ լցնում են իմ օրը, փորձում եմ ժամանակ գտնել նաև ընկերներիս հետ հանդիպելու և այլ հետաքրքրություններով զբաղվելու համար:

Ինչպե՞ս է սկսվել քո երթը դեպի մեծ սպորտ:
Փոքր ժամանակ շատ ճարպիկ ու ակտիվ երեխա էի, ու այդ պատճառով էլ ծնողներս որոշել էին տանել ինձ մարմնամարզության: Այդ ժամանակ ես 5 տարեկան էի, երկու տարի պարապելուց հետո ` ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան: Այնտեղ շարունակեցի մարզվել, Հայաստան վերադարձել ենք երեք տարի առաջ:

Իսկ ռուսաստանյան մարզումային փուլը ի՞նչ տվեց քեզ:
Այնտեղ ևս շարունակեցի ակտիվորեն մարզվել և կատարելագործվել, սակայն վատն այն էր, որ ես հավաքականում ընդգրկված չէի և միջազգային մրցաշարերի չէի կարող մասնակցել: Հիմնականում ռուսաստանյան մրցաշարերին էի ելույթ ունենում: Դրա համար էլ ընտանիքս որոշեց վերադառնալ, որ ես կարողանամ լիակատար շարունակել մարզումներս, ինչպես նաև եղբայրս պետք է անցներ ծառայության:

Ո՞ր գործիքների վրա ես քեզ հատկապես լավ զգում և ի՞նչն է, որ քեզ մոտ այդքան էլ լավ չի ստացվում:
Ես ուժեղ եմ հենացատկում, իսկ պտտաձողի վրա այդքան էլ ինձ վստահ չեմ զգում: Առհասարակ կարող եմ ասել, որ պտտաձողը Հայաստանի հավաքականի շատ անդամների թույլ կողմն է:

Հետաքրքիր է իմանալ, ուղեգիր նվաճելուց հետո քեզ ի՞նչ ասաց Օլիմպիական չեմպիոն և Օլիմպիադայում Հայաստանի դրոշակակիր Ալբերտ Ազարյանը:
Նա շատ էր ուրախացել, առաջին հերթին շնորհավորական խոսքեր ասաց: Հատկապես նրա համար շատ կարևոր էր, որ վերջապես Օլիմպիական խաղերում հայ մարմնամարզիկ ելույթ կունենա: Ինձ համար շատ կարևոր է նրա հետ մեկնել այդ կարևոր ստուգատեսին:

Լոնդոնում արդեն եղել ես, ի՞նչ տպավորություն է թողել քեզ վրա քաղաքը:
Քաղաքին արդեն հասցրել եմ ինչ-որ չափով ծանոթանալ, շատ հետաքրքիր ու դիտարժան վայրեր կան Լոնդոնում և հավաքականի տղաներին էլ կարող եմ ցույց տալ քաղաքը: Ազատ ժամանակ լինելու դեպքում, կորոշեմ էլ ինչ եմ ցանկանում Լոնդոնում տեսնել:

Ինչպիսի՞ն է ըստ քեզ լինելու քո առաջին Օլիմպիադան:
Ես դեռ երիտասարդ եմ ու շատ փորձառու և ուժեղ մարզիկների հետ եմ պայքարելու: Կաշխատեմ, որ եզրափակիչ դուրս գամ, ինձ համար դա էլ մեծ հաջողություն կլինի:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
Արթուր Դավթյան

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 9-ին Երևանում:

2010 թվականին դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է և բրոնզե մեդալակիր: 2012 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում բազմամարտում վեց գործիքների վրա վարժություններում գրավել է 5-րդ տեղը: Հայաստանի բազմակի չեմպիոն է:

---