ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով

ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով

PanARMENIAN.Net - Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն, հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։

Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը: Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ

ԿԳՄՍՆ-ն ևս արձագանքել է՝ մտահոգիչ համարելով երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը։

ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։

«Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները: Այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանի դպրոցներից մեկում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և հորդորում համապատասխան կառույցներին ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնել վերը նշված հանգամանքները:

Միաժամանակ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ՀՀ բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ՝ ուսումնական հաստատություններում անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում նաև աջակցելու իրավապահների օրինական գործողությունների իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ն գործողություններ է իրկանացրել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, որի աշխատակիցը անառակաբարո արարք կատարելու համար ձերբակալվել է։ Գործողությունն իրականացվել է դասի ժամանակ, երեխաների ներկայությամբ։ Աշակերտներից մեկի ծնողը` Մարինա Ադուլյանը, մանրամասներ է պատմել տեղի ունեցած միջադեպից:

«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն (այդպես են ներկայացել, ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել, և այլն։ Այդ ամենը երեխաների աչքի առաջ, 2 ժամ է` չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել»,–գրել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---