2,5 րոպե հրաձիգի հետ

Նորայր Բախտամյան.

2,5 րոպե հրաձիգի հետ

PanARMENIAN.Net - Իսկապես, մարզաձևը մեծ նշանակություն ունի մարզիկի մարդ դաստիարակելու հարցում: Բացառություն չէ նաև հրաձգությունը: PanARMENIAN.Net-ը բացահայտեց Նորայր Բախտամյանի բնավորությունը` հանգիստ, հավասարակշռված, խելացի ու սրտաբաց:
Բնութագրիր քեզ:
Ռեալիստ, ոչ թե տվյալ պահով ապրող, այլ հեռուն նայող մարդ: Փորձում եմ այնպես անել, որ գոնե իմ շրջապատի մարդկանց համար լավ լինի:

Ի՞նչ սովորություններ ունես:
Ամեն դեպքում, վատ սովորություն չունեմ:

Քո ուժեղ և թույլ կողմերը:
Ուժեղ` դիմացկուն, պայքարող: Թույլ` նյարդային եմ:

Քո սիրած գիրքը:
Փոքր ժամանակ ինձ արգելեն են գիրք կարդալ, որ տեսողության հետ խնդիրներ չունենամ ու դա չխանգարի ճիշտ կրակելուն:

Ի՞նչ ֆիլմեր ես նախընտրում դիտել:
Պատմական ֆիլմեր եմ շատ սիրում:

Ամենագեղեցիկ քաղաքը:
Ինձ շատ են դուր եկել Բրատիսլավան և Սոֆիան:

Քո սիրած մարզիկը:
Նա իմ ընկերն է, կրկին հրաձիգ Վլադիմիր Իսակովը: Նա կայուն մարզիկ է ու միշտ կարողացել է մեդալներ նվաճել:

Քո մարզաձևի հետ կապված վատ հիշողություններ:
Ամեն անգամ, երբ պետք է մեկնեմ մրցաշարերի, սահմանն անցնելիս ասում եմ վերջ, էլ չեմ մարզվելու: Կան մաքսատան աշխատողներ, որոնք միշտ մեր զենքերի հետ պրոբլեմներ են ման գալիս ու չեն հասկանում, որ մեր մարզաձևում պետք է զենք տանենք ու կրկին հետ բերենք մեր երկիր: Սա է վատ զգացողությունը, որը, ցավոք, ամեն անգամ ունենում եմ:

Հրաձգությունից բացի քո ամենասիրած երեք մարզաձևերը:
Հոկեյ, ջրացատկ ու թենիս:

Երազանքները դառնում են իրականություն, երբ…
Մարդ հասնում է նրանց ու երջանիկ է լինում:

Ինչքան շատ ենք մենք օգնում մարդկանց, այնքան…
Ավելի վատ է լինում մեզ համար:

Ես միշտ չէ, որ գիտեմ…
Իրականում մենք բոլորս էլ ոչինչ չգիտենք:

Առանց երևակայության մարդը…
Շատ ծանր մարդ է:

Պարտությունները միշտ հիշելով…
Ավելի ես կոփվում:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
Նորայր Բախտամյան

Հրաձիգ Նորայր Բախտամյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 1-ին Երևանում: Նորայրը 2004, 2007 և 2008 թվականներին Աշխարհի գավաթի խաղարկություններում նվաճել է արծաթե մեդալներ:

2004 թվականին նա Աթենքի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 4-րդ և 7-րդ տեղերը: Արդեն 2005 ու 2006 թվականներին հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն: Մյուս` Պեկինի Օլիմպիական խաղերում նա գրավել է 11 և 14 տեղերը:

Հայ մարզիկներից առաջինը Նորայրն էր, որին հաջողվեց նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Մյունխենում կայացած հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Բախտամյանը մտել էր լավագույն յոթնյակ և Օլիմպիադային մասնակցելու իրավունք նվաճել: Նա Լոնդոնում կմասնակցի օդամղիչ ատրճանակով 10 և ազատ ոճի ատրճանակով 50 մետր տարածություններից մրցումներին:

---