Օլիմպիական չեմպիոն Վլասովն ականջիս ասաց, որ ես ամենաուժեղն եմ

Արսեն Ջուլֆալակյան.

Օլիմպիական չեմպիոն Վլասովն ականջիս ասաց, որ ես ամենաուժեղն եմ (վիդեո)

PanARMENIAN.Net - Ընդամենը մի քանի օր առաջ հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Այս ձեռքբերումը ոգևորեց ողջ հայությանը, ու բոլորը մոռացան, որ մինչ այդ Հայաստանի մարզիկներն անհաջող էին ելույթ ունեցել Լոնդոնում: Արսենի հաջողությունից ուրախացել է նաև PanARMENIAN.Net-ը, որը կապ հաստատեց Լոնդոնի հետ և զրուցեց մեր ամենատիտղոսակիր մարզիկներից մեկի հետ:
Արսեն ջան, մենք բազմիցս տեսել ենք քո ելույթները, բայց, անկեղծ ասած, այս անգամ մի տեսակ ուրիշ Արսեն տեսանք գորգում: Մի տեսակ էլ ավելի նպատակաուղղված, ավելի ակտիվ ու մեծ ձգտումով: Ի՞նչն էր քեզ այս աստիճան մոտիվացրել:
Իսկապես, ես մի այլ կարգի էի տրամադրված ու պատրաստված թե ֆիզիկապես, թե տեխնիկապես և թե հոգեպես: Ողջ նախապատրաստական փուլում ես ամեն ինչ մի կողմ էի դրել ու լիովին տրվել էի մարզումներիս: Երեկ անձնական մարզչիս`Սամվել Գևորգյանի, հետ էի զրուցում, ասաց «ինչ լավ է այս երկու ամիսներն անցան, թե չէ հետդ խոսել չէր լինում» (ծիծաղում է): Չնայած, բոլոր առաջնություններին էլ ես շատ լրջությամբ եմ պատրաստվում, բայց այս անգամ շատ-շատ յուրահատուկ հաղթանակի ցանկություն ունեի: Այնքան մեծ էր այդ ցանկությունը, որ չեմ կարող ասել` ինչ կլիներ ինձ հետ, եթե ես չկարողանայի մեդալ նվաճել:

Ըմբշամարտում կարևոր է վիճակահանությունը: Օլիմպիական խաղերում քեզ կարծես թե այդքան էլ դժվար խումբ չէր բաժին ընկել:
Ես իմ մրցակիցներին դատում եմ ըստ արդյունքների: Կարծում եմ, իմ առավելությունը մրցակիցներիս նկատմամբ կայանում էր նաև նրանում, որ ես 1/8 փուլից սկսեցի պայքարն ու մեկ մենամարտ պակաս անցկացրի: Իսկ մյուս ենթախմբում ուժեղ էին հունգարացի և թուրք ըմբիշները, սակայն ես նրանց էլ լավ ուսումնասիրել էի ու գիտեի, որ շատ քաշ են գցել ու դժվանալու են մենամարտել, իսկ ես քաշի խնդիր չունեմ:

Վստահության համար շատ կարևոր է առաջին մարտը: Առաջին իսկ մարտից զգո՞ւմ էիր, որ եզրափակիչ ես դուրս գալու:
Իմ առաջին մրցակիցը Դանիյար Կոբոնովն էր, որը Ասիայի կրկնակի չեմպիոն էր ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Բայց նա շատ քաշ էր գցել, ու ես զգում էի, որ անպայման հաղթելու եմ: Արդեն մյուս փուլում հաղթեցի Ալեքսանդր Կիկինոունին, որին շատ լավ եմ ճանաչում: Մենք միասին ուսումնամարզական հավաք ենք անցկացրել, նրա մարզիչը Լևոն Ջուլֆալակյանին է մարզել, մի խոսքով, մենք շատ լավ գիտեինք միմյանց: Նա անհարմար մրցակից է, սակայն գիտեի, որ եթե հնարքս ստացվի, նա իմ դեմ ոչինչ չի կարողանա կիրառել:

Բնականաբար, բոլոր հայերին հուզում էր ադրբեջանցու հետ մենամարտը: Ինչպե՞ս կմեկնաբանես այն:
Գիտեք, ադրբեջանցիների հետ մենամարտերը բոլոր մարզիկների համար էլ լարված են լինում, քանի որ ադրբեջանական «AtaHolding» ընկերությունը միջազգային ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է: Սակայն ինձ համար մեկ է, թե ինչ ազգությունից է մրցակիցս, ես դուրս եմ գալիս գորգ ու անում եմ ամեն ինչ, որպեսզի հաղթեմ: Օլիմպիադայի մրցակիցներիցս ես ամենաքիչը ճանաչում էի հենց ադրբեջանցուն, քանի որ նա հայտնություն էր ու միայն վերջին վարկանշային մրցաշարի ժամանակ էր ուղեգիր ձեռք բերել: Միայն երկու մենամարտ էի տեսել նրանից ու լավ տպավորություն էր թողել: Բայց սա կիսաեզրափակիչ հանդիպում էր, ու ես շատ լուրջ տրամադրված բարձրացա գորգ ու առանց միավոր տալու հաղթեցի նրան:

Կխնդրեի, պատմես նաև եզրափակիչ մենամարտից:
Անկեղծ եթե լինեմ, ես չէի սպասում, որ առաջին մրցափուլում Վլասովը կկարողանա գլորումն իրականացնել: Շատ էի աշխատել այդ դիրքի վրա, ուղղակի չգիտեմ ինչու, չկարողացա ինձ պահել: Երկրորդում էլ նա շատ էր քրտնել, դրա պատճառով էլ որոշեցինք, որ ես հետգցումով կատարեմ հնարքս: Բայց իմ սխալը կայացավ նրանում, որ թողեցի նրան կանգնել: Կարծում էի նաև, որ երրորդ մրցափուլ կկայանա, ու այնտեղ ես հաստատ կկարողանայի հաղթել: Ափսոսում եմ, որ պարտվեցի:

Ռոման Վլասովն ասել է, որ դու նրա կուռքն ես: Նաև մենամարտից առաջ ու հետո էր զգացվում, որ ջերմ եք իրար հետ: Մտերի՞մ եք:
Այո, մենք իրար երկար ժաանակ է ճանաչում ենք: Նա շատ լավ ու հարգանքով ըմբիշ է: Մի անգամ նույնիսկ նրան կատակով ասացի, որ եթե իմանայի, որ կուռք եմ դառնալու նրա համար, այդ մարտում այդքան լավ չէի ինձ դրսևորի, ու նա չէր իմանա իմ ուժեղ ու թույլ կողմերը:

Երբ կանգնած էիք պատվոհարթակին, նա ինչ-որ բան շշնջաց քո ականջին: Հետաքրքիր է ի՞նչ ասաց:
Նա ինձ ասաց, որ ես ամենաուժեղն եմ:

Կարծում եմ, արդեն հասցրել ես վերլուծել Օլիմպիական խաղերը: Ինչպե՞ս ես քեզ զգում, արդեն որպես Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Թե գլխավոր մարզիչը ու թե մյուս մարզիչները գոհ են ինձնից: Ես չորս մենամարտ եմ անցկացրել և միայն եզրափակչում եմ մեկ միավոր տվել մրցակցիս: Եթե հինգ բալային համակարգով ես ինձ գնահատեմ` չորս կնշանակեմ:

Քո ելույթից հետո գնո՞ւմ ես ուրիշ մարզաձևեր հետևելու:
Իմ ելույթից հետո ես երեք մարզում եմ անցկացրել մեր մյուս ընբիշների հետ, նրանց պետք է օգնել, ու ես անում եմ ամեն ինչ, որպեսզի նրանց կողքին լինեմ: Փորձում եմ օգնել նաև հոգեբանորեն: Բնականաբար, հետևում եմ նաև նրանց ելույթներին: Եթե ժամանակ ունենամ, շատ եմ ցանկանում ներկա գտնվել ԱՄՆ բասկետբոլի հավաքականի խաղերին ու նաև աթլեթիկայի ինչ-որ մրցման:

Վերջում Արսեն ջան, ի՞նչ կցանկանաս ասել այն մարդկանց, ովքեր քեզ օգնել ու երկրպագել են:
Ես շատ շնորհակալ եմ իմ ծնողներից, մեր բոլոր մարզիչներից, ՀԱՕԿ-ից, ֆեդերացիայից, մի խոսքով բոլոր այն մարդկանցից, ովքեր արել են ամեն ինչ, որպեսզի ես ունենամ այսպիսի ձեռքբերումներ: Կցանկանայի առանձնացնել եղբորս, որը այս վերջին 4 տարիների ընթացքում անընդհատ իմ կողքին է եղել, և իմ մեդալների մեծ մասը ես կիսում եմ նրա հետ: Իսկապես, նա շատ մեծ ավանդ ունի իմ հաջողություններում: Ու դե, իհարկե, շնորհակալ եմ մեր հայ ժողովրդից, իսկապես շատ հաճելի է, որ այդպիսի խանդավառությամբ հետևում է մեր ազգը իմ ելույթին: Անկեղծ եմ ասում, այդպիսի ակնթարթներն են ինձ ստիպում ավելի գնահատել իմ հաղթանակը:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ծնվել է 1987 թվականի մայիսի 8-ին Լենինականում (Գյումրի): Հանդես է գալիս մինչև 74 կգ քաշային կարգում:

Արսենը հունահռոմեական ոճի ըմբշամարտով զբաղվում է 11 տարեկանից: 25-ամյա հայ մարզիկը հռչակվել է երիտասարդների աշխարհի հաղթող: Արդեն մեծահասակների պայքարում նա 2009 թվականին Վիլնյուսում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ հռչակվել է հին աշխարհի չեմպիոն:

Մեկ տարի անց` 2010 թվականին, Մոսկվայում աշխարհի առաջնության ժամանակ Արսենը նվաճել է արծաթե մեդալ: Իսկ ահա 2011-ին Ստամբուլի աշխարհի առաջնության ժամանակ կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին` նվաճելով բրոնզե մեդալ և Օլիմպիական խաղերի ուղեգիր:

2009 և 2010 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում Աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել է երրորդ տեղը: Իսկ 2010-ին անձնական հաշվարկով գրավել է առաջին հորիզոնականը:

Լոնդոնի Օլիմպիադան նրա համար լինելու է երկրորդը: Արսենը մասնակցել է նաև Պեկինի Օլիմպիական խաղերին:

---