Լևոն Իշտոյան.Գալիս եմ Հայաստան, հիշում եմ` այստեղ մեծ հաջողությունների եմ հասել24 հոկտեմբերի 2013 PanARMENIAN.Net - «Արարատ-73»-ի 40-ամյակին սպասում էին բոլորը, իսկ 40-ամյակն իր հերթին սպասում էր ակումբի աշխարհի տարբեր ծայրերում ապրող ֆուտբոլիստներին, ովքեր էլ եկան Երևան` միասին նշելու հոբելյանը: Հավաքվեցին, հիշեցին, նշեցին… հաջորդ օրը Հայաստան-Բուլղարիա հանդիպումն էր, բացի այդ՝ նույն գիշերն արդեն ԱՄՆ էր մեկնում այն գոլերի հեղինակը, որոնց մասին բոլորս բազմիցս լսել ենք՝ Լևոն Իշտոյանը: Չնայած իրերը դեռ հավաքված չէին, մեր հավաքականի հանդիպմանն էլ մոտ երկու ժամ էր մնացել, չմերժեց՝ զրուցեց PanARMENIAN.Net-ի հետ ու լուսանկարվեց PanARMENIAN Photo-ի համար: ...դրսում կարոտը շատ-շատ է… Երբ գալիս եմ Հայաստան՝ վատ բաներին չեմ նայում: Հիշում եմ միայն, որ այստեղ մեծ հաջողությունների եմ հասել, որ ժողովուրդը մեզ մինչև հիմա էլ հիշում, սիրում է: 40 տարի է անցել, է՛, բայց դեռ հիշում են, ուրեմն իրենց հոգու մեջ մտած ենք, ինչ-որ մի գործ արել ենք: Շատ եմ կարոտում Հայաստանը… Դրսում ապրելուց կարոտը շատ-շատ է, հատկապես մեր պես մարդկանց համար, ովքեր հայրենիքում սիրված ու ճանաչված են եղել: 40 տարի է՝ այստեղ չեմ, բայց որ անկյունը գնում եմ՝ ինձ ճանաչում են: Դա գիտե՛ս ինչ է: Մարդկանց երկու օր անց մոռանում են… ...«Արարատը» Հոյակապ թիմ էր: Հիմա հետ եմ նայում՝ ամեն գծում մեծ վարպետներ էին խաղում: Մի կյանք ենք անցկացրել միասին: Այնպիսի հաջողությունների ենք հասել… անմոռանալի են:
Ֆուտբոլը ծանր սպորտաձև է, եթե որևէ մեկին թվում է հակառակը՝ սխալվում է: Հաղթանակներին քրտնաջան աշխատանքով ենք հասել: Անգամ 40 տարի անց մինչև հիմա հիշում ենք այն օրերը: Հիմա էլ շատ շնորհակալ ենք մարդկանց, ովքեր մեզ սիրել են: Այն ժամանակ հայերն ամբողջ աշխարհով մեկ հետևում, ուրախանում էին հաղթանակների համար: Մեր թիմին միավորում էր պրոֆեսիոնալ մոտեցումը, բոլորը պրոֆեսիոնալ էին: Ֆուտբոլն այնպիսի խաղ է, որ պիտի ամբողջ երիտասարդական կյանքդ՝ 17-ից՝ 30, կամ, անգամ, 35 տարիներդ նվիրես դրան: Լավագույն տարիներն են, չէ՞: Դպրոցն ավարտում ես, գնում համալսարան, ու հետո արդեն պիտի աշխատես՝ մարդու լավագույն տարիքն է…Ֆուտբոլում այլ է… ֆուտբոլիստն իր լավագույն տարիները տալիս է սպորտին, ու եթե հաջողություն չունեցավ, ուրեմն իր կյանքի կեսն իզուր է անցել: Հաճախ մտածում եմ՝ Աստված ոչ անի, եթե մի վնասվածք ստանայինք, կամ լուրջ հաջողություն չունենայինք: Օրինակ՝ եթե մենք չեմպիոն չլինեինք, գավաթակիր չլինեինք, այդքան լավ արդյունքների չէինք հասնի, հիմա ի՞նչ էինք անելու: Ոչ մի բան… Շատ ռիսկային էր:
Տարին 12 ամիս ընտանիք չէինք տեսնում: Ընտանիքս հերոս էր. ոչ միայն իմ՝ բոլորինս: Պատկերացրեք՝ տարին 12 ամիս անընդհատ խաղեր, թռիչքներ: Դժվար էր... աղջիկս ծնվեց, գնում, գալիս էի, տեսնում էի՝ մեկ ամսական է, գնում, գալիս էի՝ արդեն երկու ամսական է… Այդպես էր: Հիմա բոլորս միմյանց հանդեպ կարոտով ենք լցված: Հավաքվել իրար գլուխ, հիշում էինք անցած ճանապարհը: Երբ երիտասարդ էինք, հո ամեն ինչ չէր, որ հանգիստ էր անցնում. փոքր միջադեպեր էլ են եղել, ու պիտի լինեին, բայց ոչ այնպիսի, որ մինչև հիմա չարությամբ հիշենք: Խաղից հետո արդեն ամեն ինչի մասին մոռանում էինք, որովհետև դաշտը միայն հաղթանակով էինք լքում: ...հաղթանակը հիշելիս Երբ հիշարժան գոլ ես խփում, դա էլ ամենաշատն ես հիշում: Այդ օրը 1:0 պարտվում էինք, է, այսինքն` հաշիվը ոչ թե 0:0 էր, այլ մենք պարտվում էինք, ու ես 89-րդ րոպեին խփեցի որոշիչ գոլն ու հաշիվը հավասարվեց: Այն ժամանակ կանոններն այլ էին՝ մեզ լրացուցիչ 15 րոպե տվեցին, կարգն էր այդպիսինը, 11-մետրանոցներ էլ չկային: Կարող էինք խաղը շարունակել հաջորդ օրը, բայց մեզ համար դժվար կլիներ, որովհետև սովետական կառավարությունում առաջին քարտուղարն ուկրաինացի էր, ֆուտբոլի բաժնի պետը՝ նույնպես, դե, գիտեք՝ ոնց էլ չլինի, ուկրաինացին ուկրաինացուն պետք է հարգի, ընդունի, ու եթե այդ օրը չավարտեինք, մյուս օրն արդեն ուշ կլիներ, ու խաղացինք… 113-րդ րոպեին խփեցի երկրորդ գոլը: Հաղթեցինք՝ սկսեցինք ուրախանալ: Իսկ ի՛նչ էր կատարվում Երևանում՝ աննկարագրելի է…
Կիևից Երևան չվերադարձանք, դեռ երկու խաղ ունեինք: Մեկը նույնպես ուկրաինական թիմի հետ էր՝ Դոնեցկի «Շախտյորի», իսկ վերջին խաղը պիտի խաղայինք Երևանում, Լենինգրադի «Զենիթի» հետ: Գնացինք Դոնեցկ, հետո նոր վերադարձանք. Երևանում ցնծություն էր: Նման բան մեկ էլ 1962-ին էր եղել, երբ Տիգրան Պետրոսյանն աշխարհի չեմպիոն դարձավ, երկրորդը՝ մեր հաղթանակիի ժամանակ էր՝ «Արարատը» համ Սովետմիության գավաթը վերցրեց, համ չեմպիոն դարձավ: Ֆուտբոլն այնքանով է դժվար ու պատասխանատու, որ ժողովրդին էինք պատասխան տալիս, իսկ մեր ժողովուրդը սիրում է միշտ հաղթանակած դուրս գալ: ...սերնդափոխությունը Ֆուտբոլում սերնդափոխությունը պիտի ճիշտ արվի: Սա այնպիսի սպորտաձև է, որ հենց այսօր էլ կարող ես եղած 11 հոգուն հանես, ուրիշ տասնմեկին բերես, ու 60 տարի ֆուտբոլ չունենաս: Այդ պատճառով էլ սերնդափոխությունը պիտի արվի ժամանակին: Այնտեղ, որտեղ դա ճիշտ չի արվել, 40-60 տարի ֆուտբոլ չեն ունեցել: Պետք է պատրաստել սպորտսմենների, ովքեր կկարողանան փոխարինել հներին, հետո նոր վերջիններիս ճանապարհել: Մեր թիմը ժամանակից մի քիչ շուտ կազմալուծվեց, դրա համար էլ հիմա…
Մեր ներկայիս հավաքականում կան լավ տղաներ, զգացվում է՝ թիմը գնալով վերելք է ապրում: Բայց սերնդափոխությունը պիտի ճիշտ արվի: Հավաքականի բոլոր հանդիպումներին ուշադիր հետևում եմ, նաև տղաների խաղերին: Չեք պատկերացնի՝ սփյուռքում ինչպես են երկրպագում Հենրիխ Մխիթարյանին: Հայերը բաց չեն թողնում Գերմանիայի Դորտմունդի խաղերը: ...հաջողության հասնելու ճանապարհը Եթե քեզ սպորտին ես նվիրում՝ պետք է քրտնաջան աշխատես, շատ տանջվես, ու սիրես գործդ, ձգտես, որովհետև պիտի մտածես, որ սա է քո մասնագիտությունը, ու քեզ ժամանակավորապես զրկես ինչ որ բաներից, որ կարողանաս հաջողության հասնել, որ հենց այնպես չանցնի անցածդ ճանապարհը: Մի բան գիտեմ՝ եթե սպորտսմենը չեմպիոն չդարձավ, որևէ մեդալ չստացավ՝ ոչ ոք իրեն չի հիշի. դա սպորտի դաժան կյանքն է: Էլ չեմ խոսում վնասվածքների մասին, որոնց դեպքում ստիպված ես լինում վաղաժամ ավարտել կարիերադ: Բոլոր սպորտսմեններին՝ քրտնաջան աշխատանք ու մասնագիտությունում միշտ հաջողություններ…
...մարդկային ամենամաքուր պարգևը Ամենակարևորն ինձ համար՝ մարդը մաքուր լինի, շահի համար չշփվի, ստախոս չլինի, ինչ ասում է՝ ճիշտն ասի, եթե ինչ-որ բան անել չի կարողանում, ասի` «չէ, չեմ կարող անել»: Դա ավելի լավ է, քան խաբելը: Ճիշտն ասելու, չստելու հատկությունը մարդկային ամենամաքուր պարգևն է: «Չեմ կարող, չեմ ուզում, չգիտեմ»՝ ժխտական հոլովի մեջ են, չէ՞… ավելի լավ է այդ քերականությունն օգտագործել, քան մարդկանց խաբել: Աղջիկ զավակներ ունեմ՝ միշտ ասել եմ՝ ձեզ ամեն տեղ կթողնեմ, ուր ուզում եք գնացեք, ազատ եք ձեր ընտրությունում, արդեն հասուն մարդ եք, միայն, խնդրում եմ, ինձ մի խաբեք: Եթե խաբեք, ուրեմն դուք էլ եք խաբնված: Ու շնորհակալ եմ իրենցից՝ չեն խաբել… Դրսում, իհարկե, դժվար է երեխա մեծացնել, պիտի շատ ուշադիր լինես, չնայած դա ամենուրեք է՝ եթե երեխայով չզբաղվես, կկործանվի:
...այդպես աշխարհը փոքրանում է Հիմա ԱՄՆ-ում եմ ապրում, այնտեղ էլ ընկերություն չկա: Այն մանկությունից է գալիս: 40 տարեկան հասակում մտա Ամերիկա, էլ ի՞նչ նոր ընկերներ: Այն տարիքը չէր, որ նոր ընկերներ ձեռք բերեի: Իհարկե, ճանաչում են, այստեղից գնացած շատ մարդիկ կան, հարգանք կա, բայց բոլոր ընկերներս Հայաստանում են: Մինչև հիմա էլ շփվում ենք: Միշտ զանգում ենք, հարցնում իրար մյուսներից: Արդեն այն տարիքում ենք՝ ինչքա՞ն պիտի ապրենք՝ 10 տարի՞, 20, 30 տարի՞… ընկերներս այստեղ են: Գիտությունն այնքան է զարգացել, որ կարող ես համակարգիչով համ տեսնել, համ խոսել: Այդպես աշխարհը փոքրանում է: Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |