Հեռահար բանկային ծառայություններ իրենց ժամանակը գնահատող մարդկանց համար

Բենիամին Թադևոսյան.

Հեռահար բանկային ծառայություններ իրենց ժամանակը գնահատող մարդկանց համար

PanARMENIAN.Net - Հայրենական բանկային շուկայի բավականին ինտենսիվ աճի արդյունքում, ինչպես նաև մրցակցության աճի պատճառով, հայկական առևտրային բանկերը ստիպված են դիվերսիֆիկացնել բիզնեսը, որոնել դեռևս ազատ ուղղություններ՝ չդադարեցնելով հաճախորդներին տրամադրվող ծառայությունների ցանկի ընդլայնումը: Հեռահար բանկային տեխնոլոգիաների ակտիվ զարգացումը նպաստում է ոչ միայն նոր լրացուցիչ բանկային ծառայությունների առաջացմանը, այլ նաև գործունեության ռազմավարական կարևորություն ունեցող հերթական ուղղության զարգացմանը: Ինչպես գտնում են մասնագետները, էլեկտրոնային եղանակով բիզնես վարելը այժմ ամենանշանակալի միտումներից է: Ըստ փորձագետների կանխատեսումների, այս միտումը կարող է առավել երկարաժամկետների թվում հայտնվել: Տարիներ շարունակ հենց դա է որոշիչ լինելու արդիական տեխնոլոգիաների հետագա զարգացման համար: Օնլայն բանկային ծառայությունների տրամադրման ոլորտում առկա զարգացումների և միտումների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել «Ամերիաբանկ» ՓԲԸ ՏՏ և ավտոմատացման վարչության պետ Բենիամին Թադևոսյանը:
Այսօր Հայաստանում բանկային օնլայն ծառայության զարգացման ի՞նչ հիմնական միտումներ կարող եք առանձնացնել Հայաստանում: Մասնավորապես, ինչպիսի՞ն է աճի դինամիկան վերջին տարիներին, ներկայացրեք շուկան և հաճախորդներին:
Առաջին հերթին պետք է հասկանալ, ինչի համար է այն նախատեսված և ում է հարկավոր, ինչու են բանկերն էլեկտրոնային ծառայություններ տրամադրում: Հեռահար բանկինգը լավ հնարավորություն է առավելագույնս մատչելի դարձնել բանկի ծառայությունները հաճախորդի համար և ապահովել 24-ժամյա սպասարկում, շաբաթական 7 օր և տարին 365 օր: Հեռահար բանկային ծառայությունների տրամադրման մի քանի եղանակ կա կախված հաճախորդի նախապատվությունից: Առաջին հերթին դա ինտերնետ բանկինգն է, որը թույլ է տալիս լիարժեք սպասարկել հաճախորդին, հետո շարժական բանկինգը ՝ սպասարկում բանկոմատների միջոցով, cash-in բանկոմատներ, ինքնասպասարկման տարբեր սարքեր:

Պետք է նշել, որ ինտերնետ-բանկինգի ծառայությունը Հայաստանում համեմատաբար նոր ուղղություն է: Ցավոք, միայն 2009-ից հայաստանյան առևտրային բանկերը սկսեցին ակտիվորեն ներմուծել այդ ծառայությունը, այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներում ծառայությունների այդ տեսակն արդեն մեծ տարածում ուներ: Զարգացնելով այդ ուղղությունը, մենք մտադիր ենք ներգրավել այն հաճախորդներին, որոնք ակտիվորեն օգտվում են ինտերնետի տարբեր ծառայություններից, որոնք գնահատում են իրենց ժամանակն ու գերադասում են գնումներ անել ինտերնետի միջոցով և, չայցելելով բանկ, օգտվել բանկային ծառայությունների ամբողջ սպեկտրից: Ուստի մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին բազմաֆունկցիոնալ ինտերնետ բանկինգ: Եթե գործողությունը կապված չէ կանխիկ գումարի հետ, ապա հաճախորդը ժամանակ է շահում, որը հարկ կլիներ ծախսել այն իրականացնելու համար անձամբ բանկ այցելելու դեպքում՝ չէ որ ժամանակ է պետք բանկ հաճախելու, հերթ կանգնելու համար և այլն:

Երկրորդը՝ հեռահար բանկինգի զարգացումը թույլ է տալիս առավելագույնս օպտիմալացնել հաճախորդների սպասարկումը, ավտոմատացնել տարբեր բիզնես գործընթացները, ինչը բարձրացնում է գործողությունների արագությունն ու սպասարկման որակը, ինչպես նաև հնարավորություններ է ստեղծում նոր ծառայությունների տրամադրման համար:

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկերից է, որն ակտիվորեն ներդնում է ինովացիոն տեխնոլոգիաներն իր հաճախորդների համար սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու միտումով: Արդարացվա՞ծ են արդյոք ներդրումները նման արդիական պրոդուկտների մեջ, որքանո՞վ են հայաստանյան շուկան ու հայ սպառողը պատրաստ դրան:
Կարծում եմ, որ հայկական շուկան պատրաստ է բանկային օնլայն ծառայությունների կիրառմանը, առավել ևս, որ ինտերնետի մատչելիության մակարդակն ու անհրաժեշտ սարքավորումներով հագեցվածությունը երկրում այսօր բավականին բարձր են: Իսկ բանկի համար դա շահավետ է նրանով, որ ազատվում են ռեսուրսներ, անհրաժեշտություն չկա ունենալ բաժանմունքների շատ մեծ ճյուղավորված ցանց, հարկ չկա դեմ առ դեմ հաճախորդներին սպասարկելու համար աշխատակիցների մեծ քանակ ապահովել: Այսպիսով, հեռահար բանկային ծառայությունները, որոնք ներդրումներ են պահանջում, արդարացնում են ծախսերն ու հարմար են ինչպես հաճախորդին, այնպես էլ բանկին: Կցանկանայի նշել նաև, որ իր հաճախորդների հարմարավետության համար Ամերիբանկը Կոնտակտ կենտրոն է բացել, որն աշխատում է 24/7 ռեժիմով, այսինքն՝ շուրջօրյա: Կարևոր չէ, թե աշխարհի որ կետում է գտնվում հաճախորդը և ինչ խնդիր ունի, նա կարող է ուղղակի զանգահարել +34710 561111 հեռախոսահամարով օրվա ցանկացած ժամին և մեր մասնագետները կպատասխանեն նրա հարցերին:

Ինչպե՞ս են գործերը հեռահար ծառայությունների տրամադրման առումով Ձեր բանկում: Ինտերնետ բանկինգի քա՞նի օգտատեր ունի այսօր Ամերիաբանկը:
Ամերիաբանկը Հայաստանի բանկային շուկայում նորարարական ծառայությունների մատուցման առաջատարներից մեկն է: Մենք շեշտը դնում ենք անկանխիկ բանկինգի վրա հեռահար բանկային ծառայությունների տրամադրման և հաճախորդների համար տարբեր տրանզակցիաների իրականացման պարզեցման միջոցով: Մենք նաև մեր առջև խնդիր ենք դրել բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը հեռահար ծառայությունների տրամադրման և անկանխիկ տրանզակցիաների իրագործման ոլորտում:

Ամեն տարվա հետ մի քանի անգամ աճում է ինտերնետ բանկինգի օգտատերերի քանակը: Եթե 2009-ին մենք ունեինք ինտերնետ բանկինգի ընդամենը 113 օգտատեր, ապա այսօրվա դրությամբ համակարգում գրանցված է շուրջ 13 հազար օգտատեր:

Արդեն 2011 թ. մեր բանկը App.Store-ում iPhone-ի համար հավելված տեղադրեց, որը մատչելի է դարձնում տեղեկատվությունը բանկի մասին, մասնավորապես՝ նորությունները, արժույթի փոխարժեքը, բաժանմունքների ու բանկոմատների հասցեները, ինչպես նաև թույլ է տալիս տեղեկություններ ստանալ ավելի քան 100 առևտրային ու սպասարկման կենտրոնների մասին, որտեղ Ամերիաբանկի քարտատերերը կարող են մինչև 30 տոկոս զեղչ ստանալ:

Մենք մեծապես կարևորում ենք ինտերնետ առևտրի զարգացումը, որի համար նախորդ աշնանը գործարկեցինք VISA ինտերնետ էքվայրինգի նախագիծը: Քարտերով վճարումներն ընդունելու համար նախատեսված ինտերնետ կայքերի գրանցման ու կարգաբերման գործընթացի հարմարավետության, պարզեցման ու արագացման նպատակով մենք մշակել և ներդրել ենք vPOS/virtual POS ծրագրային գործիքը: Տվյալ գործիքն ինտերնետ կայքերին եզակի հնարավորություն է տալիս բավականին արագ սկսել ընդունել VISA, MasterCard և ArCа քարտերով կատարվող վճարումները՝ խուսափելով ծրագրավորման, կարգաբերման ու թեստավորման համար ժամանակի ու միջոցների մեծ ծախսերից: Հիմա դա շատ ակտիվ աշխատող նախագիծ է, որը դրական դինամիկա ունի և բազմաթիվ ինտերնետ կայքեր արդեն վճարումներն ընդունում են մեր vPOS-ով: Այժմ մենք մշակում ենք մի շարք լրազցուցիչ ծառայություններ vPOS-երի համար, որոնք հնարավորություն կտան ինտերնետ կայքերին նոր ծառայություններ տրամադրել իրենց հաճախորդներին:

Ամերիաբանկն առաջին անգամ Հայաստանում ներմուծեց նոր AmeriaToken բջջային հավելվածը, որը մեկանգամյա ծածկագրերի գեներատոր է ինտերնետ բանկինգից օգտվող հաճախորդների համար: Ինչպիսի՞ք են նույնականացման առանձնահատկություններն օնլայն բանկինգում: Ի՞նչ է իրենից ներկայացնում AmeriaToken-ը, ինչպե՞ս առաջացավ այդ ծառայությունը ներմուծելու գաղափարը:
Ինտերնետ բանկինգի ծառայություններից օգտվելու և համակարգի առավելագույն անվտանգությունն ապահովելու նպատակով կիրառվում է կրկնակի նույնականացման մեթոդը: Առաջինը՝ հաճախորդի լոգինն ու ծածկագիրն են, որպես երկրորդ մեթոդ կարող են օգտագործվել մեկանգամյա ծածկագրեր գեներացնող սարքերը: Մի քանի վայրկյանում գեներացված միանգամյա ծածկագիրն անհետանում է, ինչը կասեցնում է երկրորդ անգամ այն օգտագործելու հնարավորությունը: Դա իր հերթին զգալիորեն բարձրացնում է համակարգի անվտանգության մակարդակը:

AmeriaToken-ը բջջային հավելված է սմարթֆոնի համար, որը նաև գեներացնում է ու Ամերիաբանկի հաճախորդներին է տրամադրում վերոնշյալ միանգամյա ծածկագիրը: Այդ հավելվածի շնորհիվ Digipass սարքի առկայությունն այլևս պարտադիր չէ: AmeriaToken-ը հասանելի է առավել տարածված օպերացիոն համակարգերով՝ Apple, Android, Windows Phone, BlackBerry աշխատող սմարթֆոնների համար:

Շուկային նոր առաջարկ ներկայացնելու պատճառներից մեկն այն է, որ օնլայն բանկինգի ոլորտը միտում ունի շարժվելու դեպի բջջային բանկինգ, և մեր նպատակն է այնպես անել, որ բանկային ծառայություններն այսուհետ կապված չլինեն հասանելիության սահմանափակ կետերի հետ, այլ լինեն մոբիլ, առավել ևս, որ Հայաստանը համարվում է «ամենասմաթֆոնացված» երկրներից մեկը:

Ինչպե՞ս կարող են բանկի հաճախորդներն ակտիվացնել ծրագիրը:
Հավելվածից օգտվելու համար բանկի հաճախորդները պետք է ներբեռնեն ու ակտիվացնեն ծրագիրն իրենց հեռախոսում՝ համապատասխան ակտիվացման կոդ ստանալով բանկից:

Հավելվածի գործարկման համար անհրաժեշտ է ընդամենը 2 քայլ կատարել.

1. Ներբեռնել և տեղադրել AmeriaToken հավելվածը համապատասխան օնլայն խանութից: 2. Ակտիվացնել այն 2 հետևյալ եղանակներից մեկով՝

1 եղանակ. QR կոդի օգնությամբ, եթե սմարթֆոնը կարողանում է այն կարդալ: Համակարգ մուտք գործելու համար հարկավոր է AmeriaToken ծրագրի միջոցով կարդալ Բանկի տրամադրած QR կոդը, ստեղծել մուտքի ծածկագիր ու հաստատել այն:

2 եղանակ. ակտիվացում ձեռքով: Անհրաժեշտ է ձեռքով մուտքագրել սերիական համարը (7 նիշ) և ակտիվացման կոդը (16 նիշ), որոնք կտրամադրի Բանկը, ստեղծել մուտքի ծածկագիր ու հաստատել այն:

Ի՞նչ առավելություններ է տալիս հաճախորդին մեկանգամյա ծածկագրերի գեներատոր AmeriaToken-ի օգտագործումը նախկինում կիրառվող Digipass-ի համեմատ:
Ամեն ինչ կախված է նրանից, թե հաճախորդին որ Token-ից է հարմար օգտվել: Այսօրվա դրությամբ մենք առաջարկում ենք հաճախորդներին ֆիզիկական Token-ների մի քանի մոդել և բջջային AmeriaToken: Այսինքն, հաճախորդն այլընտրանք ունի, առաջիկայում կառաջարկվեն նաև նոր օպցիաներ: Սակայն AmeriaToken-ն ավելի հարմար է՝ հարկ չկա կրել լրացուցիչ սարք, որին փոխարինում է հավելվածը սմարթֆոնում: Բացի այդ, մենք մտադիր ենք առաջիկայում գործարկել լիարժեք բջջային բանկինգ, որի համար AmeriaToken-ը առավել հարմար կլինի:

Մենք աշխատում ենք ամեն ինչ անել հաճախորդների հարմարավետության համար և ապահովել այն նաև օնյալն բանկինգից օգտվելիս: Ձեր բանկը պետք է լինի այնտեղ, որտեղ ձեզ համար է:

Վիկտորիա Արարատյան