ԱԹՍ-ով ջրված այգու բերքը

ԱԹՍ-ով ջրված այգու բերքը

Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը

Գյուղատնտեսությունն արդեն վաղուց միայն բերք հավաքելու և կով կթելու մասին չէ։ Դրոններն էլ միայն ռազմական նպատակներով չեն օգտագործվում։ Աշխարհում տեխնոլոգիական հեղափոխությունների ալիքը հասել է գյուղատնտեսության ոլորտ և կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին ճշգրիտ գյուղատնտեսությունը փոխում է ոլորտի մասին բոլոր պատկերացումները։

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսական աշխատանքների համար ԱԹՍ օգտագործելու պրակտիկան աշխարհում դարձել է ճշգրիտ գյուղատնտեսության առանցքային սարքավորումներից մեկը: Հաջողված այս փորձը վերջերս հասել է նաև Հայաստան: Տրակտորին փոխարինող գյուղատնտեսական նշանակության 20լ տարողությամբ ԱԹՍ-ները 1 ժամում կարող են մինչև 15 հա այգի սրսկել՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ: Դրոնների տեխնոլոգիան փոխել է ֆերմերների աշխատանքի տրամաբանությունը:

Անօդաչու թռչող սարքերը միանգամից մի քանի ֆունկցիա են կարողանում կատարել: Նախ՝ հավաքել տվյալներ և ալգորիթմների միջոցով դրանք փոխակերպել ֆերմերի համար անհրաժեշտ տեղեկատվության: Օրինակ՝ պարզել ոռոգման համակարգում հնարավոր բացթողումները կամ հասկանալ, մշակաբույսերը բավարար ջուր ունե՞ն, թե՞ ոչ: Դրոնների տրամադրած տվյալները նաև կարող են ցույց տալ, թե մշակաբույսերը որտեղ են վնասված կամ ինչ խնդիրներ ունեն: Սա տնտեսվարողներին օգնում է ավելի թիրախային որոշումներ կայացնել:

Դրոնների միջոցով առանց մշակաբույսերը տրորելու, օդից հնարավոր է ոչ միայն սրսկել, այլ նաև ջրել այգիներն ու դաշտերը: Նախ՝ սա խնայում է ջուրն ու թունաքիմիկատները, հետո՝ հողային ռեսուրսներն ավելի նպատակային և արդյունավետ են կառավարվում: ԱԹՍ-ների վրա կան հատուկ տեսախցիկներ, որոնք նկարահանում են տարածքը և քարտեզագրված ինֆորմացիայի հետ միասին ավելի համապարփակ տվյալներ ստանում: Ջերմային տեսախցիկներն էլ թույլ են տալիս հասկանալ, թե որ հատվածում են մշակաբույսերը շատ ջրվել կամ որտեղ ջրի սակավություն կա: Դրոնները կարող են նույնիսկ մոտեցնել կադրը և հաշվել բույսերի քանակն ամեն քառակուսի մետրի վրա: Այլ կերպ ասած, այն աշխատանքը, որ ֆերմերներն անում են օրերի ընթացքում՝ ծախսելով ժամանակ և հավելյալ ռեսուրսներ, արվում է ժամերի ընթացքում և ավելի ճշգրիտ:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ գյուղատնտեսական ԱԹՍ օգտագործելով ֆերմերները 0.5 հա հացահատիկային դաշտի համար առնվազն 12 դոլար են խնայում: Ընդհանուր առմամբ, հացահատիկների դաշտերում դրոններ օգտագործելու դեպքում բերքատվությունը բարձրացնելով և ծախսերը կրճատելով ֆերմերները կարող են խնայել շուրջ 1.3 միլիարդ դոլար: Գյուղատնտեսական դրոնների շուկայի չափը մինչև 2028 թվականը կարող է հասնել շուրջ 10 միլիարդ դոլարի: Ընդհանուր առմամբ ԱԹՍ-ների արժեքները տատանվում են 1000 դոլարից մինչև 30 հազար դոլարի միջակայքում, կախված ԱԹՍ-ի հնարավորություններից:

Ամփոփելով գյուղատնտեսական դրոնների հնարավորություններն առանձնացնենք մոնիտորինգի առանձնահատկությունների մի քանի կետ՝

Մշակաբույսի առողջությունը. Վնասատուների հասցրած վնասի գնահատում

Բուսականության ցուցանիշները. Տերևի մակերես, բուժման արդյունավետություն, բերքատվության մակարդակ, վտանգված հողակտորներ

Մշակաբույսի տվյալները. Բույսի բարձրությունն ու խտությունը

Ջրային կարիքները. Ջրի առատության կամ սակավության մասին տվյալներ

Հողի վերլուծություն. Սննդանյութերի առկայության, թունաքիմիկատների արդյունավետության մասին տվյալներ

Գյուղատնտեսական ԱԹՍ-ները հնարավոր է կառավարել թե՛ ավտոմատ եղանակով, թե՛ օպերատորի վերահսկողությամբ: Առաջին տարբերակի համար ԱԹՍ-ները պետք է հատուկ ալգորիթմներով ծրագրավորված լինեն: Երկրորդ տարբերակի դեպքում օպերատորները պետք է հատուկ վերապատրաստում և դասընթացներ անցնեն: Հայաստանի ագրարային համալսարանում օրինակ թվային գյուղատնտեսության վերաբերյալ առարկաներ են դասավանդում: Այս գիտելիքներն ուսանողները կկարողանան օգտագործել նաև դրոնային գյուղատնտեսության մեջ, որովհետև Հայաստանում արդեն փորձարկում և օգտագործում են գյուղատնտեսական ԱԹՍ-ների տարբեր տեսակներ:

 Ամենաընթերցվողը բաժնում
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
 Ուշադրության կենտրոնում
ՀՀ-ում ԱՁ է հաշվառել ՌԴ 938 քաղաքացի, ՍՊԸ գրանցել՝ 268․ Հիմնականում՝ ՏՏ ոլորտում

ՀՀ-ում ԱՁ է հաշվառել ՌԴ 938 քաղաքացի, ՍՊԸ գրանցել՝ 268․ Հիմնականում՝ ՏՏ ոլորտում «Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը

 Բաժնի այլ նյութերը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
Լավ ես քշում՝ վատամարդ ես, վատ ես քշում՝ լավամա՞րդ Ինչքան են վաստակում ԱՊՊԱ-ները ՀՀ-ում
---