Լևոնի կինը նրա հավատարիմ երկրպագուն է, իսկ Արթուրի կինը խորհուրդ է տալիս նրան` ինչպես խաղալ ֆուտբոլ

Լևոն Պաչաջյան և Արթուր Եդիգարյան.

Լևոնի կինը նրա հավատարիմ երկրպագուն է, իսկ Արթուրի կինը խորհուրդ է տալիս նրան` ինչպես խաղալ ֆուտբոլ

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ը շարունակում է ծանոթացնել իր ընթերցողներին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այս անգամ կիսապաշտպաններ Լևոն Պաչաջյանը և Արթուր Եդիգարյանը, որոնք հանդես են գալիս Իրանի առաջնությունում «Սանատ Նավթ» և «ՊԱՍ Համադան» ակումբներում, պատմել են, թե ինչպես են հարմարվել Իրանում, ինչպես են առաջարկություն արել իրենց երկրորդ կեսերին և պատմել իրենց մանկական չարաճճիությունների մասին:
2010-ին 2012-ի Եվրոպայի առաջնության խմբային փուլում Հայաստանը վստահ է հանդես եկել և ՖԻՖԱ վարկանիշում բարձրացել 40 հորիզոնականով: Ինչպե՞ս եք գնահատում 2010-ը Հայաստանի հավաքականի համար:
Արթուր. Իհարկե, 2010-ը շատ հաջող տարի էր հավաքականի համար: Հավաքականը նման ռեկորդային արդյունքի երբեք չի հասել: Բոլոր խաղացողները փորձում են ավելի լավ խաղալ` վարկանիշում ավելի բարձր տեղեր գրավելու համար:

Լևոն. Ճիշտ է, մեր հավաքականը 2010-ին շատ վստահ է հանդես եկել, բայց պետք է առաջ նայել և պատրաստվել 2011-ի խաղերին, որոնք, իմ կարծիքով, ավելի բարդ են լինելու:

Ինչո՞վ է տարբերվում Հայաստանը հավաքականն այլ թիմերից և ինչի՞ պետք է ձգտի ապագայում:
Արթուր. Բոլոր ֆուտբոլիստները պետք է շատ աշխատեն, միշտ կատարեն մարզիչների ցուցումները, և այդ ժամանակ մենք անպայման կհասնենք լավ արդյունքի: Մեր հավաքականի նպատակն է ուղեգիր նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, և դա մեզ համար կլինի ամենալավ արդյունքը:

Լևոն. Հավաքականի ֆուտբոլիստները շատ երիտասարդ են, տաղանդավոր և ցուցադրում են գեղեցիկ ֆուտբոլ: Կարծում եմ` այլ հավաքականներից տարբերվում ենք հենց երիտասարդական տրամադրվածությամբ: Բայց, իհարկե, կան թերություններ, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ:

2011-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի 6 խաղ, ձեր կարծիքով, դրանցից ո՞րն ավելի բարդ մրցակից կլինի մեր հավաքականի համար:
Արթուր. Բոլոր խաղերը մեզ համար հեշտ չեն լինի, նույնիսկ Անդորրան կարող է մեզ համար բարդություն ներկայացնել: Իհարկե, մեր խմբում կան ուժեղ հակառակորդներ, ինչպիսիք են Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի հավաքականները, բոլորը ծանոթ են մեր խաղի և հնարավորությունների հետ, և լրջորեն պատրաստվում են մեր դեմ խաղերին:

Լևոն. Բարդ կլինեն բոլոր խաղերը, և մենք պետք է դրանց լուրջ վերաբերվենք, քանի որ ֆուտբոլում թույլ մրցակից չի լինում: Մենք պետք է յուրաքանչյուր խաղում ձգտենք հաղթանակի: Ռուսաստանի հավաքականի հետ առաջին երկու խաղերը կորոշեն թիմերի դասավորությունը մեր խմբի մրցաշարային աղյուսակում:

Դուք երկուսդ էլ ֆուտբոլային ընտանիքից եք, շատերը ձեր ընտանիքներում զբաղվել են ֆուտբոլով, որքանո՞վ է դա ձեզ օգնել:
Արթուր. Մեր ընտանիքում դա ժառաանգական է, իմ պապիկը՝ Ֆելիքս Վերանյանը, խաղացել է «Սպարտակում» (Երևան), հայրս՝ «Կոտայքում» (Աբովյան), հորեղբայրս՝ «Արարատում» (Երևան): Հիմա ես ու փոքր եղբայրս՝ Արտակը, շարունակում ենք նրանց գործը, դա մեզ շատ ուժ և վստահություն է ներշնչում: Ես կցանկանայի, որպեսզի մեր երեխաները նույնպես ֆուտբոլ խաղան:

Լևոն. Ֆուտբոլն իմ արյան մեջ է: Իմ հորեղբայրը և պապիկը ֆուտբոլիստներ են եղել և հանդես եկել տարբեր պրոֆեսիոնալ ակումբներում, հայրս որոշ ժամանակ զբաղվել է ֆուտբոլով: Մասնագիտության ընտրության վրա ազդել է նաև այն փաստը, որ մենք ապրում ենք «Բանանց» ՖԱ-ի մոտ:

Ինչպե՞ս սկսեցիք հանդես գալ կիսապաշտպանությունում:
Արթուր. 2004-ին «Փյունիկ-2»-ի կազմում ես խաղացել եմ Հայաստանի Առաջին լիգայում, «Փյունիկի» մարզիչ Սամվել Պետրոսյանը նկատեց իմ խաղը և վերցրեց իր թիմ: Այդ ժամանակ ես արդեն խաղում էի կիսապաշտպանությունում, հետո «Փյունիկը» սկսեց մարզել Արմեն Գյուլբուդաղյանցը, և ես ամրապնդվեցի այդ գծում:

Լևոն. Դեռ պատանի հասակից ես սիրել եմ գրոհող ֆուտբոլը, քանի որ նման խաղն ավելի գեղեցիկ է և դինամիկ: Հիմնականում խաղում եմ աջ թևում և ավելի հաճախ միանում գրոհներին:

Արդեն երկար ժամանակ ապրում և խաղում եք Իրանում, այդ երկրի ավանդույթները և օրենքնը շատ են տարբերվում մեր երկրից, ինչպե՞ս եք հարմարվել այնտեղ:
Արթուր. Սկզբից շատ բարդ էր, քանի որ դա փակ երկիր է, և այնտեղ բարդ է թե խաղալը, թե ապրելը: Բայց դա իմ կյանքն է, և հանուն ֆուտբոլի ես վարժվել եմ բոլոր դժվարություններին:

Լևոն. Ես խաղացել եմ Շվեդիայում և Նորվեգիայում, և երբ ժամանեցի Իրան, շատ բարդ էր: Բայց ես հասկանում էի, որ ես այնտեղ զվարճությունների համար չեմ և ուղղակի աշխատում եմ: Իրանում այլ սովորույթներ են, և ապրելը հեշտ չէ:

Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց իրանական առաջնությունը, ի՞նչ է ձեզ տալիս այնտեղ հանդես գալը:
Արթուր. Իրանի առաջնությունն իր կարգով մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի առաջնությանը: Ֆուտբոլիստի համար շատ կարևոր է հսկայական քայլեր չանելը, այլ աստիճանաբար զարգանալը: Ահա ես որոշեցի փորձել ուժերս միջին մակարդակի առաջնությունում, նոր խաղային որակներ ձեռք բերել և անցում կատարել ավելի ուժեղ առաջնություն:

Լևոն. Իրանի առաջնությունը շատ դինամիկ է, բայց կան նաև տեխնիկական թերություններ: Ես ինձ այնտեղ լավ եմ զգում, ես փորձում եմ ֆիզիկական մարզավիճակս նորմայի մեջ պահել, բայց մտածում եմ նաև այլ առաջնությունների մասին: Տեսնենք, թե ինչ ինչպես կդասավորվի իմ կարիերան ապագայում:

Իրանական խոհանոցից ո՞ր ճաշատեսակն եք ամենաշատը սիրում:
Արթուր. Դե, նրանց մոտ ընտրությունը մեծ չէ, հիմնականում ուտում են բրնձից պատրաստված ճաշատեսակներ:

Լևոն. Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպես է կոչվում, բայց սիրում եմ հավի մսից պատրաստված ճաշատեսակ սոուսով:

Դուք ամուսնացած եք, և հետաքրքիր է, թե ինչպե՞ս եք ծանոթացել ձեր կանանց հետ և ինչպե՞ս եք նրանց առաջարկություն արել:
Արթուր. Դպրոցում մենք սովորել ենք նույն դասարանում և վաղուց ենք ծանոթ: Բայց միայն վերջին տարիներին հասկացանք, որ ստեղծված ենք միմյանց համար, նշանվեցինք և մեկ տարվա ընթացքում ամուսնացանք:

Լևոն. Իմ ապագա կնոջ հետ ինձ ծանոթացրել է իմ ընկերոջ ընկերուհին: Որոշ ժամանակ անց մենք հասկացանք, որ սիրահարված ենք, ես նրան առաջարկություն արեցի, և շուտով մենք ամուսնացանք:

Ասում են՝ ընտանիքը երջանիկ է, երբ ամուսինը սիրում է կնոջը, իսկ կինը՝ ֆուտբոլ: Ինչպե՞ս են ձեր կանայք վերաբերվում ֆուտբոլին, հետևո՞ւմ են արդյոք ձեր ելույթներին և տալի՞ս են խորհուրդներ:
Արթուր. Իհարկե, իմ կինը դիտում է իմ բոլոր խաղերը և կոնկրետ խորհուրդներ տալիս, բայց հիմնականում խաղերից հետո ինձ և եղբորս խորհուրդներ է տալիս հայրս:

Լևոն. Իմ թիմի բոլոլ խաղերին կինս հետևել է մարզադաշտում, բայց Իրան տեղափոխվելուց հետո, որտեղ կանանց արգելված է մարզադաշտ գնալ, խաղերը դիտում է տանը, երկրպագում է, անհանգստանում ինձ համար, և դա շատ հաճելի է:

Ո՞ր հավաքականն է ամենաշատը նվաճել ֆուտբոլի Աշխարհի գավաթը:
Արթուր. Բրազիլիայի հավաքականը, դա նրան հաջողվել է 5 անգամ:

Լևոն. Բրազիլիայի հավաքականը՝ աշխարհի հնգակի չեմպիոնը:

Ֆուտբոլիստներից ո՞վ է եղել աշխարհի եռակի չեմպիոն:
Արթուր. Պելեն:

Լևոն. Պելեն, եթե չեմ սխալվում 1958-ին, երբ նա 17 տարեկան էր, 1962-ին և 1970-ին:

Ո՞վ է աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն:
Արթուր. Ռոնալդոն

Լևոն. Կրկին բրազիլացի Ռոնալդոն:

Կարո՞ք եք անվանել դարպասապահի անունը, որը դարձել է հեթ տրիքի հեղինակ: Նա միակ դարպասադահն է, որին դա հաջողվել է:
Արթուր. Անկեղծ ասած, չգիտեմ:

Լևոն. Չգիտեմ, հավանաբար, Չիլյավերտ: Ոչ, Չիլյավերտն ուղղակի շատ գոլ է խփել: Չգիտեմ (Ռոժերիո Սենի. խմբ. դիտ):

Պատմական անհատներից ո՞ւմ եք ընդօրինակում կամ ո՞ւմ եք համարում իսկապես մեծ մարդ:
Արթուր. Ինձ համար լավագույն օրինակ է իմ պապիկը, որն ինձ առաջին անգամ տարել է ֆուտբոլի:

Լևոն. Տիգրան Մեծը: Կարծում եմ, որ նա ամենավառ պատմական անձնավորությունն է բոլոր հայերի համար:

Ինչպե՞ս եք վերաբերվում կենդանիներին և մանուկ հասակում պահե՞լ եք արդյոք կենդանիներ:
Արթուր. Չնայած նրան, որ շատ սիրում եմ կենդանիներ, բայց շատ եմ վախենում շներից (ծիծաղում է):

Լևոն. Շատ եմ սիրում տնային կենդանիներ: Աղջկաս վերջերս նվիրել են նապաստակ: Իսկ մանուկ հասակում ես պահել եմ շներ, թռչուններ և կատու: Բայց ես դաժան էի վարվում դրանց հետ: Մի օր, երբ ես 4 տարեկան էի, տատիկս արկղի մեջ բերեց շուրջ 30 հավի ճուտիկ: Ես բոլորին խեղդեցի, իսկ երբ տատիկս հարցրեց, թե ինչու չեն շարժվում, ես ուղղակի պատասխանեցի, որ նրանք քնած են (ծիծաղում է):

Եթե չլիներ ֆուտբոլը…
Արթուր. Չեմ կարող ինձ պատկերացնել առանց ֆուտբոլի:

Լևոն. Այդ ժամանակ ես էլ չէի լինի:

Ի՞նչ եք ակնկալում 2011-ի խաղերից և ինչի՞ եք ձգտելու:
Արթուր. Ինձ համար ամենամեծ ձեռքբերումը կլինի մեր հավաքականի դուրս գալը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, դա, հավանաբար, կուրախացնի բոլոր ֆուտբոլիստներին և հայ ժողովրդին:

Լևոն. Ես իրատես եմ, ես ցանկանում եմ, որպեսզի մեր թիմը ցուցադրի կայուն խաղ, որպեսզի ֆուտբոլը Հայաստանում տարեցտարի բարգավաճի, հաջող հանդես գան ինչպես Հայաստանի հավաքականը, այնպես էլ հայկական ակումբները:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News