Հայաստանի 4 քաղաքներում միաժամանակ կանցկացվի «Համակարգչի ազատագրում՝ GNU / Linux Install Fest»

Հայաստանի 4 քաղաքներում միաժամանակ կանցկացվի «Համակարգչի ազատագրում՝ GNU / Linux Install Fest»

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին, Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում և Վանաձորում միաժամանակ տեղի կունենա «Համակարգչի ազատագրում՝ GNU / Linux Install Fest»։

Այս միջոցառման նախաձեռնողներն են «Ժառանգ» մշակութային ՀԿ-ն և «Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն» ՀԿ-, ինչպես նաև անհատ կամավորներ։

Միջոցառման ընթացքում Ինստիգեյթ -ի մասնագետները բոլոր ցանկացողների համակարգիչներում տեղադրելու են Linux օպերացիոն համակարգը։ Ինչպես նշում են նախաձեռնողներն իրենց հաղորդագրության մեջ, նրանք պատրաստվում են ազատագրել համակարգիչները վճարովի «ճորտացման» համակարգերից, ինչպիսին Windows-ն է և Mac-ը։

«Այսօր հարյուրավոր երկրների տեղեկատվական ենթակառույցները փաստորեն պատանդ են ծրագրային ապահովում արտադրող որոշ խոշոր ընկերներությունների ձեռքում։ Այդ երկրների բնակիչները՝ առանց գիտակցելու՝ հլու հնազանդ կերպով տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների տուրք են վճարում վերոհիշյալ ընկերություններին, թեպետ կարող էին այդ գումարներն ուղղել սեփական երկրների զարգացմանը։ Linux-ի ծրագրերն ի վիճակի են բավարարել համակարգչային շարքային օգտագործողների 99%-ի առօրյա աշխատանքային պահանջերը»,- գրված է Facebook-յան միջոցառման պատին։

Միջոցառման ժամանակ մի սրահում կներկայացվեն ԳՆՈՒ / Լինուքսը և առհասարակ ազատ ծրագրային ապահովում օգտագործելու առավելությունները, ծրագրային փաթեթները, 2-րդ սրահում՝ կցուցադրվի համակարգը և տարբեր ծրագրային փաթեթներ տեղադրելու եղանակը, ցանկացողներին կտրամադրվեն տեղադրման փաթեթները` սկավառակներով, տեղում կօգնեն տեղադրել և կարգավորել այդ ծրագրերը, իսկ 3-րդ սրահում մասնակիցները կարող են փորձարկել և ուսումնասիրել արդեն տեղադրված համակարգերը և հարցեր տալ մասնագետներին։ Միջոցառումը տևելու է առավոտյան 11-ից երեկոյան 6-ը։

Միջոցառման նախաձեռնող և կամավոր Նորայր Չիլինգարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ միջոցառման նպատակն է գաղափարի տարածումը. «Ինչու գումարներ ծախսել լիցենզավորված Windows գնելու համար, եթե կա անվճար օպերացիոն համակարգ, որն առաջարկում է բազմաթիվ անվճար ծրագրեր՝ նույն Photoshop-ին կամ Microsoft Office-ին փոխարինող։ Ես համարում եմ Linux միջավայրը հարմարավետ միջավայր»։

Նորայր Չիլինգարյանը խոսելով Linux միջավայրի հարմարավետության մասին, հիշում է Linux միջավայրի հիմնադիր Ռիչարդ Սթոլմանի խոսքերը. «Երբ Սթոլմանին հարցրեցին, ինչու՞ փոխեմ Windows-ը Լինուքսի հետ, երբ առաջինն ինձ ավելի հարմար է, Սթոլմանը պատասխանեց՝ ի՞նչ է նշանակում փոխել ազատությունը հարմարավետության հետ», պատմեց Նորայր Չիլինգարյանը և ավելացրեց. «Երբ Սթոլմանին կրկին հարցրեցին, թե ինչու են որոշ ծրագրերում պակասում որոշ ֆունկցիաներ, Սթոլմանը պատասխանեց՝ որովհետև դու դրան չես աջակցել»։

Երևանում և Գյումրիում միջոցառումը կանցկացվի ««Ինստիգեյթ»-ի գրասենյակներում, իսկ Վանաձորում՝ Կենտրոնական գրադարանում և Ստեփանակերտում՝ Երիտասարդական Պալատում։

4  04.05.11 - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և «Օրանժ Արմենիա» համագործակցության հուշագիր ստորագրեցին
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---