10  30.03.12 - ՀԱԿ-ի հանրահավաքը

ՀԱԿ-ի հանրահավաքը «քարոզչական չէր». ընտրացուցակներ, թեկնածուներ, նախընտրական կարգախոսներ

ՀԱԿ-ի հանրահավաքը «քարոզչական չէր». ընտրացուցակներ, թեկնածուներ, նախընտրական կարգախոսներ

PanARMENIAN.Net - Այսօր` մարտին 30-ին, Ազատության հրապարակում կայացել է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր բլոկի հանրահավաքը:

18:20-ին մեկնարկած հանրահավաքին, Ոստիկանության տվյալների համաձայն, 4800 մարդ էր եկել: Հանրահավաքը թեև նմանվում էր նախընտրական միջոցառման, սակայն տեղեկատվական, այլ ոչ թե ագիտացիոն բնույթ էր կրում:

Սա քարոզչական հանրահավաք չէ

Այս հանրահավաքը, ի տարբերություն նախորդների, որոնց սկզբում ելույթ էր ունենում «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, բացել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա նշել է, որ Հայաստանը մտել է նախընտրական փուլ, որը «լարված և աննախադեպ է լինելու»: Ըստ նրա, դեռևս երբեք Հայաստանում այնպես չի եղել, որ խորհրդարանական ընտրությունները նախագահականի նախադրայլ հանդիսանային. «Հայաստանում դեռևս երբեք իշխանափոխության նման անհրաժեշտություն չի եղել»:

Մանուկյանի խոսքով, ներկայումս ժողովուրդը բաժանվել է 2 մասի` մի մասը պայքարում է իր իրավունքների համար, մյուսը`հիաստափվելով, լքում է երկիրը: «Մեր նպատակն է ոչ միայն քաղաքական հաղթանակը, այլ նաև այնպիսի Հայաստանի ստեղծումը, որը մեկնածներին կվերադարձնի Հայաստան»,-ընդգծել է նա:

Մանուկյանն ընդգծել է, որ սա պրոպագանդա հետապնդող հանրահավաք չէ, քանի որ մինչև ապրիլի 8-ը պրոպագանդան արգելվում է, սա «սա տեղեկատվական հանրահավաք է»: Հիմա Արամ Մանուկյանը ներկայացնում է ՀԱԿ-ի թեկնածուներին, ովքեր մեծամասնական համակարգով են մասնակցում ընտրություններին:

Նիկոլ Փաշինյանն իշխանություններին աճպարար է համարում

Արամ Մանուկյանից հետո ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, ով իշխանությունը համեմատել է աճպարարների հետ, ովքեր «սև ցիլինդրներում մկանը վերածում են թմբուկի, իսկ հետո պնդում են, որ մուկը դարձել է թմբուկ»: Բացի դրանից, Փաշինյանն ուշադրություն է դարձրել նրան, որ ՀՀԿ-ն հավաստիացրել է, թե նրա ցուցակում չեն լինի ձեռնակատերեր և մականուններով մարդիկ, իսկ հետո սկսել է ընթերցել պատգամավորների այն թեկնածուների անունները, ովքեր մտել են ՀՀԿ ընտրացուցակ կամ ում որ օժանդակելու է իշխող կուսակցությունը մեծամասնական ընտրատարածքներում:

Փաշինյանը նաև դիմել է թիվ 7 ընտրատարածքում իր հակառակորդ Սամվել Ալեքսանյանին, նշելով, որ եթե վերջինն այդքան ժամանակ մասնակցել է խորհրդարանական աշխատանքին, բայց շատ է բացակայել, ապա դա կասկածելու տեղիք է տալիս:

Միաժամանակ, նրա տեղեկություններով, Ալեքսանյանը ներկայացրել է բժշկական տեղեկանք, ինչը, Փաշինյանի կարծիքով, նշանակում է, որ նա հիվանդ է վտանգավոր խրոնիկ հիվանդությամբ և հեգնանքով նշել, որ «հաղթելով ես հնարավորություն կտամ Ալեքսանյանին բուժվել «հիվանդությունից»:

Նա նաև հայտարարել է, որ եթե «հասարակական, քաղաքական, իսկ երբեմն նույնիսկ պետական գործիչը, ինչպիսին ներկայացնում է Սամվել Ալեքսանյանին Սերժ Սարգսյանը, վախենում է տեսախցիկներից և այդ պատճառով չի ցանկանում մասնակցել հեռուստաբանավեճերի, ապա նա Ալեքսանյանին բանավեճի կհրավիրի թիվ 7 ընտրատարածքի բակերում»:

ՀԱԿ-ի 4000 վստահված անձ կպայքարի արդար հանուն արդար ընտրությունների

«Այսօր մենք նոր պայքար ենք սկսում նոր Հայաստանի համար»,- հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ այսօր ելույթ ունենալով Ազատության հրապարակում: Իր ելույթում նա ներկայացրել է ծրագիրը, թե ինչպես է ՀԱԿ-ը պայքարելու խորհրդարանական ընտրություններում: Նրա խոսքով, ՀԱԿ-ն ունի 4000 վստահված անձինք, յուրաքանչյուր ընտրատարածքում՝ 2-ական հոգի, որոնցից մեկը ներկայացնելու է ՀԱԿ ցուցակը, մյուսը՝ մեծամասնական թեկնածուին:

Խաչատուր Սուքիասյանը շնորհակալ է ժողովրդին աջակցության համար

Զուրաբյանից հետո կրկին ելույթ է ունեցել Արամ Մանուկյանը, ով նշել է քաղաքական պայքարի մեջ ժողովրդի ներգրավման անհրաժեշտությունը: «Անտարբեր քաղաքացիներ չպետք է լինեն»,- ընդգծել է նա:

Մանուկյանն անդրադարձել է նաև 10-րդ ընտրատարածքում Խաչատուր Սուքիասյանին գրանցելուց իշխանությունների հրաժարվելուն: Նրա խոսքով` որքան իշխանությունները ոչ խելամիտ քաղաքականություն են վարում, այնքան մեծ ատելություն են առաջացնում ժողովրդի մեջ, որը սիրում և հարգում է Սուքիասյանին:

Խաչատուր Սուքիասյանն իր հերթին հանրահավաքի ժամանակ շնորհակալություն է հայտնել ժողովրդին այն աջակցության համար, որը իրեն ցուցաբերել են վերջին տարիներին` ընդգծելով, որ նրան միշտ ընդունել է որպես սեփական ընտանիք: Նա ընդգծել է, որ թեև իրեն չգրանցեցին, ինքը կգործադրի իր բոլոր ուժերը երկրին անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար:

Հայաստանի ճակատագիրը կախված է «չարաբաստիկ ընտրացուցակներից»

Հանրահավաքի վերջում, ինչպես միշտ, ելույթ է ունեցել ՀԱԿ-ի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իր խոսքում ցուցարարների ուշադրությունը հրավիրել է ընտրացուցակների հարցին: «Բոլոր ընտրությունները և անգամ Հայաստանի ճակատագիրը կախված է չարաբաստիկ ընտրացուցակներից, որոնց մեջ ընգդրկված է անգամ ոչ թե 500, այլ 700 հազ. (ավելորդ` խմբ.) մարդ»,- հայտնել է նա:

Նա հեգնանքով է նկատել, որ 2008թ. համեմատ ընտրացուցակներում ավելացնելով 175 հազ. մարդ` ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, հավանաբար, ցանկանում էր ցույց տալ Սերժ Սարգսյանին, որ ինքն ավելի հմուտ է այդ հարցում, քան իրեն նախորդած Ալիկ Սարգսյանը:

Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ անգամ կաշառակերությունն ու բռնությունն ընտրությունների ժամանակ չեն օգնում իշխանություններին, և նրանց միակ հույսը մնում են ընտրացուցակները:

Այս կապակցությամբ նա լրագրողներին, քաղաքագետներին և քաղաքական կուսակցություններին, ում մտահոգում է արդարությունն առաջիկա ընտրություններում, կոչ է արել պայքարել այն բանի համար, որպեսզի ցուցակները շտկվեն և որպեսզի ընտրություններից հետո հրապարակվեն քվեարկածների ցուցակները: Նա նկատել է, որ իր նախագահության օրոք այդ ցուցակները հրապարակվում էին, սակայն հետո իշխանությունը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ վերացրեց դա:

Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողներին կոչ է արել օտարերկրյա դեսպանների մոտ մշտապես բարձրացնել ընտրացուցակների հարցը, «ռմբակոծել նրանց այդ հարցով»` հավելելով, որ ինքը վաղը ԵԱՀԿ/ԺՄԻԲ ղեկավարի հետ հանդիպմանը բարձրացնելու է այդ հարցը. «Եվ եթե այդ հարցը չլուծվի, ապա միջազգային դիտորդներն ու դեսպանությունները ընտրությունների կեղծման մասնակիցը կդառնան»,- ընդգծել է ՀԱԿ-ի ղեկավարը:

ՀԱԿ. «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին»

Հայ ազգային կոնգրեսն ընտրությունների կգնա «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով: Իր խոսքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև այն ծանր սոցիալ-տնտեսական իրադրությունը, որում այսօր գտնվում է երկիրը:

«Եթե հասարակությունը չի գիտակցում իրադրության ողջ ծանրությունը և 5000 դրամի դիմաց պատրաստ է վաճառել իր ձայնը, ապա հայրենի երկրի փլուզման հանցակիցը կդառնա և իրավունք չի ունենա մեղադրելու որևէ մեկին, բացի իրենից»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Նա նշել է, որ ընտրություններում հաղթանակի կամ խորհրդարանում ուժերի բարենպաստ դասավորության դեպքում կպայքարի իր նախընտրական ծրագրի դրույթների իրականացման համար:

Հակառակ դեպքում, նրա խոսքով, ՀԱԿ-ը սկզբունքորեն կքվեարկի բոլոր օրինագծերի դեմ, որոնցում հաշվի չեն առնի իր դիտողությունները կամ առաջարկները:

Հաջորդ հանրահավաք... coming soon

Տեր-Պետրոսյանի խոսքի ավարտից հետո Արամ Մանուկյանը հավաքվածներին հայտնել է, որ հաջորդ հանրահավաքի կոնկրետ ամսաթվի մասին կհաղորդվի լրացուցիչ: Դրանից հետո ցուցարարները մեկնարկել են ավանդական երթը Երևանի կենտրոնական փողոցներով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---