ՄԻՊ-ն իր զորակցությունն է հայտնում Հրայր Թովմասյանին

ՄԻՊ-ն իր զորակցությունն է հայտնում Հրայր Թովմասյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր գրություն է ուղարկել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որով իր զորակցությունն է հայտնում ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրին: Գրության մեջ պաշտպանը նշում է.

«Մեր կողմից ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը: Դատաիրավական ոլորտում նախկինում մշակված բազմաթիվ համանման ծրագրերից այս մեկը շահեկանորեն տարբերվում է իր համակարգային մոտեցմամբ, իրական փոփոխություններ ապահովող լուծումներով և իրատեսական մեխանիզմներով:

Նախկինում բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանում արդար և հաշվետու դատական իշխանության կայացման խնդրի մասին:

Մեր գնահատմամբ այս ծրագիրը նախատեսում է դատական իշխանության բարեփոխումների այն մեխանիզմները, որոնք կարող են լուծել հանրության համար ամենացավոտ՝ արդարադատության խնդիրը: Մասնավորապես, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի և հիմքերի վերաբերյալ բարեփոխումները, դատախազության գործունեության արդյունավետության և մատչելիության բարձրացումը, ինչպես նաև իրավական համակարգի այլ ոլորտների բարելավմանն ուղղված փոփոխությունների իրականացումը իրական հիմք կարող են դառնալ այդ համակարգերի և ոլորտների բարեփոխման համար:

Գիտակցում ենք, որ նույնիսկ լավագույն ծրագրի դեպքում միայն դրա իրագործմամբ է հնարավոր դրական փոփոխություն ակնկալել յուրաքանչյուր քաղաքացու կյանքում: Միևնույն ժամանակ վստահ ենք, որ առանց հասարակության բավարար ընկալման և լայն աջակցության բարդ կլինի լիարժեք հաջողել այս հավակնոտ և դրական նախաձեռնության մեջ:

Հետևաբար, մեր զորակցությունն ենք հայտնում այս ուղղությամբ սկսած Ձեր նախաձեռնություններին: Պատրաստակամ ենք մեր լիազորությունների և կարողությունների սահմաններում ամեն կերպ աջակցել Ձեզ, որպեսզի դատաիրավական բարեփոխումները մոտ ապագայում դառնան իրականություն: Հուսով ենք, որ հասարակական և քաղաքական բոլոր ուժերը, խորությամբ ծանոթանալով այս ծրագրին, նույնպես կաջակցեն Ձեզ սպասվող դժվարին աշխատանքներում»:

Partner news
 Ուշագրավ
Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Partner news