Սիրիահայ 200 կարիքավոր ընտանիքների կհատկացվի հագուստ և առաջին անհրաժեշտության իրեր

Սիրիահայ 200 կարիքավոր  ընտանիքների կհատկացվի հագուստ և առաջին անհրաժեշտության իրեր

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդիին, Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Ս. Մ. Աբուգեյթին, «Քուվեյթ Նյուզ» գործակալության գլխավոր խմբագիր Համեդ ալ-Ամիրիին:

Սփյուռքի նախարարի հետ նոյեմբերի 29-ին կայացած հանդիպման ընթացքում դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին նախարարին տեղեկացրել էր, որ իր՝ Քուվեյթ կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում գտնվող սիրիահայերին 100.000 ԱՄՆ դոլարի սահմաններում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության ղեկավար Մուհամեդ Ս. Մ. Աբուգեյթին տեղեկացրեց, որ իրենք ցանկություն ունեն տեղում` ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ, ուսումնասիրել իրավիճակը, որոշել սիրիահայերին տրվող օժանդակության ձևն ու չափը:

Նախարար Հ. Հակոբյանը խորհուրդ տվեց Հայաստանում գտնվող սիրիահայերի համար իրականացնել երկարաժամկետ և մնայուն ծրագրեր՝ նկատի ունենալով բնակարանների անհրաժեշտությունը: Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության ղեկավար Մուհամեդ Ս. Մ. Աբուգեյթը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել նախարարի կողմից արված առաջարկները՝ միաժամանակ նշելով, որ իրենք, այնուամենայնիվ, ցանկություն ունեն հատկապես երեխաներին ապահովել տաք հագուստով, դեղորայքով և պարենային մթերքներով:

Հանդիպման ավարտին որոշվեց նպատակակետ ընդունել 200 առավել կարիքավոր ընտանիքներին առաջին անհրաժեշտության պարենամթերքով, տաք հագուստով ապահովելը: Սփյուռքի նախարարության օգնությամբ նրանք տեղում կուսումնասիրեն և կծանոթանան իրավիճակին, այնուհետև անհրաժեշտության դեպքում նոր մոտեցումներ կորդեգրեն: Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---