ՀԱԿ ակտիվիստները կրկին բողոքի ցույց կանցկացնեն

ՀԱԿ ակտիվիստները կրկին բողոքի ցույց կանցկացնեն

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը՝ հունվարի 18-ին, ժամը 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց տեղի կունենա ՀԱԿ ակտիվիստների հերթական բողոքի ակցիան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը:

Ակտիվիստները պահանջելու են դադարեցնել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի հանդեպ քրեական հետապնդումը:

Նրանց տարածած մամուլի հաղորդագրությունում ասվում է. «2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի խախտումով դատապարտեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին` 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին` 2-ական տարի ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմաբ դիմադրություն բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) և 258 (խուլիգանություն) հոդվածներով:

Գործի քննությունը, որը սկսվել է 2011 թվականի օգոստոսի 9-ից և որի ամբողջ ընթացքում Տիգրան Առաքելյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ազատազրկումը, ընթացել է օրենքի բազմաթիվ խախտումներով: Հետևաբար, դատավճիռը ինքնին և պատժաչափերը, որոնց դատապարտվել են երիտասարդ ակտիվիստները, խտրական արդարադատության կիրառման հետևանք են:

Կոչ ենք անում քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին՝ իրենց ուշադրությունը սևեռել այս գործի վրա և ջանք չխնայել երիտասարդ ակտիվիստների հետապնդումները դադարեցնելու և քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---