Արթուր Բաղդասարյան. Մեր բանակը ի զորու է պաշտպանել մեր հայրենիքը ցանկացած արտաքին ագրեսիայից

Արթուր Բաղդասարյան. Մեր բանակը ի զորու է պաշտպանել մեր հայրենիքը ցանկացած արտաքին ագրեսիայից

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայոց բանակի օրվա առթիվ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան սպաներին:

Ողջունելով հյուրերին` Արթուր բաղդասարյանը մասնավորապես նշել է.«Մեզ համար շատ կարևոր է, որ ունենք ձեզ նման պատվարժան և վաստակաշատ հայրենակիցներ: Դուք այցելել եք Հայաստան շատ խորհրդանշական օր` Բանակի օրը, և ես ողջունում եմ ձեզ Հայաստանում: Ցանկանում եմ, որ ձեր կապը մեր հայրենիքի հետ էլ ավելի ամրապնդվի, որովհետև, իսկապես, ձեր փորձառությունը շատ կարևոր կարող է մեզ համար: Դուք գիտեք, որ այսօր Հայաստանում մեծ բարեփոխումներ են տեղի ունենում. զինված ուժերում, անվտանգության համակարգերը կատարելագործելու ուղղությամբ և ձեր ներդրումն ու վաստակը կարող է մեզ համար շատ օգտակար լինել»:

Բարձրաստիճան սպաները նշեցին, որ ուշադրությամբ հետևում են հայկական բանակում տեղի ունեցող գործընթացներին, տեսակետներ հնչեցրեցին զինված ուժերում շարունակաբար իրականացվող բարեփոխումների մասին` ընդգծելով դրանց կարևորությունը բանակի մարտունակության բարձրացման գործում:

ԱԱԽ քարտուղարը նշեց, որ ՀՀ զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու շրջանակներում Հայաստանը համագործակցում է ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ: Բազմաթիվ ուղղություններով իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, որոնք նպատակ ունեն էլ ավելի բարձրացնել և ամրապնդել զինված ուժերի մարտունակությունը.«Այսօր մեր զինված ուժերը ի զորու են Հայաստանի սահմանի ողջ երկայնքով պաշտպանել մեր հայրենիքը ցանկացած արտաքին ագրեսիայից», -ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:

Հանդիպման ընթացքում հյուրերը տեսակետներ հայտնեցին ոչ միայն զինված ուժերում տարվող աշխատանքների, այլև Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ այլ գործընթացների մասին, որոնք վերաբերում են տնտեսությանը, մշակույթին, արտաքին քաղաքականությանը` մասնավորապես Սփյուռքում հայապահպանության խնդիրներին և այլ բազմաբևեռ հարցերի` գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանը հետևողականորեն ամրապնդում է Սփյուռքի հետ կապերը: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---