Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (COPUOS) անդամ

Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (COPUOS) անդամ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, համաձայն որի Հայաստանն ընտրվել է Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (United Nations Committee on the Peaceful Uses of Outer Space, COPUOS) անդամ: Հայաստանին անդամագրելու գլխավոր հիմնավորումն այն է, որ սեփական տիեզերական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունեցող, բայց այդ ոլորտում բարձր գիտական ներուժ ունեցող պետություններն ավելի լայնորեն ներգրավվեն միջազգային տիեզերական գործակալությունների աշխատանքներին: Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր ջանքերին` խանգարել Հայաստանի անդամակցությանը, Հայաստանն ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ:

Դառնալով COPUOS անդամ, Հայաստանն այնուհետև միանալու է տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտին վերաբերող հինգ հիմնական միջազգային պայմանագրերին՝ 1. Այսպես կոչված «Տիեզերքի պայմանագիրը», ըստ որի պետությունները պարտավորվում են տիեզերքն օգտագործել խաղաղ նպատակներով, այդ թվում Լուսնի և տիեզերական այլ մարմինների հետ կապված հարցերում, 2. «Փրկության համաձայնագիրը», ըստ որի պետությունները պարտավորվում են համագործակցել տիեզերագնացների փրկության և վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի հարցերում, 3. «Պատասխանատվություն կոնվենցիան», ըստ որի կարգավորվում է տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասներով պայմանավորված պատասխանատվությունը, 4. «Գրանցման կոնվենցիան», որով գրանցվում են տիեզերք արձակված օբյեկտները և 5. «Լուսնի համաձայնագիրը», որով կարգավորվում են Լուսնի և տիեզերական այլ մարմինների վրա պետությունների գործունեությունը: Բացի այդ, այսուհետև Հայաստանի ներկայացուցիչը կմասնակցի COPUOS-ի և դրա գիտատեխնիկական և իրավաբանական ենթահանձնաժողովների տարեկան նիստերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---