ԼՂՀ ԱԳՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, տեղեկացված չլինելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացի մանրամասներին եւ նրա քաղաքական-իրավական ասպեկտներին, հրապարակում են հոդվածներ, որտեղ անհամարժեք են մեկնաբանվում պաշտոնական Ստեփանակերտի տեղեկատվությունները: Արդյունքում` ադրբեջանական հանրության շրջանում ձեւավորվող մթնոլորտը խոչընդոտում է համամարդկային արժեքների ընկալմանը եւ այլընտրանքային միջոցների ու նպատակների քննարկմանը: Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ` «Զերկալո» թերթի հուլիսի 23-ի համարում տպագրված «ԼՂՀ-ն» տորպեդահարում է խաղաղ գործընթացը» հրապարակման առթիվ: ԼՂՀ ԱԳՆ-ն նշում է, որ կասկածից վեր է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ արդյունավետ հաղորդակցություն հաստատելու ճանապարհով միայն հնարավոր կլինի գտնել ղարաբաղյան հակամարտության փոխշահավետ եւ արդարացի կարգավորումը: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է վերստին ընդգծել, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում, որի ներկա փուլը սկսվել է մարդասիրական աղետից` Սումգայիթում եւ Բաքվում հայերի զանգվածային սպանությունների տեսքով, ինչպես նաեւ դրանց հաջորդած էթնիկ զտումներից, 1988-1990 թթ. նախկին Ադրբեջանական ԽՍՀ գրեթե 500 հազար հայազգի քաղաքացիների բռնատեղահանությունից եւ վտարումներից, պետք է առաջին հերթին ենթադրի արդարության վերահաստատում եւ այդ մարդկանց կրած բարոյական ու նյութական վնասի փոխհատուցում, այդ թվում Հայրենիքը վերագտնելու` նրանց իրավունքի ճանաչում: Ադրբեջանի ղեկավարությունն է կրում ամբողջ պատասխանատվությունը ինչպես ռազմական գործողությունների սանձազերծման, այնպես էլ դրանց հետեւանքների համար, այդ թվում նշված գործողությունների արդյունքում բոլոր տուժած փախստականների եւ հարկադիր տեղափոխված մարդկանց` անկախ նրանց ազգությունից կամ ներկա քաղաքացիությունից, նյութական փոխհատուցման խնդրում: Սկսված լինելով որպես մարդասիրական աղետ, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի հենց մարդասիրական չափման մեջ` լիովին համահունչ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին եւ նպատակներին:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---