Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները ևս ծառայում են Պահանջատիրության գործին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները ևս ծառայում են Պահանջատիրության գործին

PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 4-րդ անգամ իր գլխավոր գործընկեր, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում է արդեն ավանդական դարձած ծաղկահավաք, որն այս տարի տեղի ունեցավ ապրիլի 26-ին: Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած մի շարք կամավորներ, բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսանողներ նոր շունչ են հաղորդեցին ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր բերված հազարավոր ծաղիկների: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմը նույնպես մասնակցել է ծաղկահավաքին:

Նախքան 2010 թվականը շուրջ 2 տոննա ծաղիկներ հավաքվում և այրվում էին որպես աղբ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այս խնդրի բնապահպանական լուծումն ապահովելու նպատակով նախաձեռնեց ծաղկահավաքի միջոցառումը, որը և սկսեց իրականացնել 2010 թվականից: Ծաղկահավաքի նախաձեռնությունը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից Երկրի օր քարոզարշավի շրջանակներում իրականացվող հիմնական միջոցառումներից է, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ:

Միջոցառման շրջանակներում անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվում են, ցողուններն առանձնացվում են ծաղկաթերթիկներից, որոնցից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթիկներն առանձնացվում և օգտագործվում են թղթի վերամշակման համար, որոնք հետագայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից օգտագործվում են բացիկների, շնորհակալագրերի և նամակների նպատակով:

«Թեև նախաձեռնողն ենք, բայց մենք ձգտում ենք այն բանին, որ, մեզ հետ թե առանց մեզ, ծաղկահավաքը գեղեցիկ ավանդույթ դառնա և շարունակական լինի»,-ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

«Մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին` հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելով: Մի քանի օր հետո այդ ծաղիկները թոշնում են: Ինչպե՞ս կարելի է վարվել այդ ծաղիկների հետ: Հարց, որն առաջին հայացքից պարզ է թվում, սակայն, շատ ավելի բարդ է իրականում և բարձրացնում է կարևոր հարցադրում` որքանո՞վ է նպատակահարմար և թույլատրելի, որ այդ ծաղիկները հայտնվեն աղբանոցում կամ այրվեն: Հատկանշական է, որ այրելը բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա: Մեր համատեղ ջանքերի շնորհիվ, այդ ծաղիկները ծառայում են մեր Պահանջատիրության գործին», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---