Բելառուսի նախագահը կժամանի Հայաստան

Բելառուսի նախագահը կժամանի Հայաստան

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երևան կժամանի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 13-ին տեղի կունենա Բելառուսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ի պատիվ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա գլխավորած պատվիրակության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:

Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան, կմասնակցի նաև Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացման արարողությանը: Նույն օրը Հայաստանի և Բելառուսի նախագահները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---